Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր ուժերին վրդովեցրել է Վլադիմիր Պուտինի քայլը: Պուտինը Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) հաղթանակի կապակցությամբ շնորհավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին:
«Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ) գլխավոր քարտուղար Գյուրսել Թեքինը հայտարարել է, որ Պուտինի այդ քայլը վկայում է այն մասին, որ նա Էրդողանին դիտարկում է ոչ թե որպես Թուրքիայի նախագահ, այլ որպես ԱԶԿ-ի նախագահ:
Թեքինը զարմանք է հայտնել, որ Պուտինն ԱԶԿ-ի հաջողության կապակցությամբ շնորհավորել է հենց Էրդողանին (ԱԶԿ-ի նախագահը երկրի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն է):
Թեքինը հիշեցրել է, որ Էրդողանը՝ որպես երկրի նախագահ, պետք է անկողմնակալ լիներ նախընտրական ու ընտրական շրջանում, սակայն չի վարվել այդպես, ինչը պնդում են նաև մյուսները:
«Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) պատգամավոր Օքթայ Վուրալը Պուտինի քայլը որակել է որպես անփութություն: Նա Պուտինին հիշեցրել է, որ Թուրքիայում դեռ չի գործում կառավարման նախագահական համակարգը և փոխարենը գործում է կառավարման խորհրդարանական համակարգ. «Ես չգիտեմ՝ արդյոք Պուտինը շնորհավորելով ակնա՞րկ է արել, թե՞ ոչ, սակայն նրա քայլը շատ ցավալի է: Թուրքիայում չկա Պուտինի համակարգ: Դիվանագիտական տեսանկյունից դա սխալ է: Անհրաժեշտ է ներողություն խնդրել»:








































