Սաակաշվիլիի օրոք Վրաստանի ՆԳՆ փոխնախարար Գիա Լորտկիպանիձեն կնշանակվի Օդեսայի նահանգի ոստիկանապետ: Այս մասին տեղեկացնում է ուկրաինական ՈՒՆԻԱՆ տեղեկատվական գործակալությունը՝ հղում կատարելով տեղական իրավապահ մարմինների աղբյուրին:
Մայիսի 30-ին Օդեսայի նահանգապետ նշանակված Սաակաշվիլին հայտարարել է, որ ծրագրում է մարզի կառավարության փոփոխություն. մտադիր է 27 շրջաններից 24-ի ղեկավարներին պաշտոնանկ անել:
Սաակաշվիլին հեռացել է Վրաստանից, Վրաստանի նոր նախագահի՝ Գեորգի Մարգելաշվիլիի ընտրվելուց հետո՝ 2013-ի նոյեմբերին: Վրաստանի գլխավոր դատախազությունը հեռակա մեղադրանք է ներկայացրել նրան մի քանի քրգործով, այդ թվում, սեփական կարիքների համար պետական միջոցներից 5 մլն դոլար վատնելու համար: Ավելի ուշ նա Վրաստանում համարվել է հետախուզման մեջ: Նա հայտարարել է, որ մտադիր է 2016-ի ընտրությունների արդյունքում իր թիմով վերադառնալ իշխանության:










































