Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) նախագահ Դևլեթ Բահչելին, մեկնաբանելով երեկ երկրում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները, հայտարարել է, որ ԱՇԿ-ին հաջողվել է 31-ով ավելացնել իր պատգամավորական մանդատների թիվը:
Բահչելին հայտարարել է, որ եթե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը շարունակի պաշտոնավարել, ապա պետք է մնա ներկայիս սահմանադրական լիազորությունների սահմաններում, կամ էլ պետք է հրաժարական տա:
Բահչելին կարևորել է խորհրդարանում համատեղելի կոալիցիա ձևավորելը:
Նա նպատակահարմար է համարել «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) և քրդամետ «Ժողովրդադեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ) միջև կոալիցիայի ձևավորումն ու ԱԶԿ-ի կողմից «Քրդական հարցի» կարգավորման շարունակումը:
Բահչելին հավելել է, որ մեկ այլ տարբերակի դեպքում կոալիցիա կարող են կազմել ԱԶԿ-ը, ԺԴԿ-ը և «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ):
Հիշեցնենք, որ ընտրություններից առաջ Էրդողանն ԱԶԿ-ի առջև առաջադրանք էր դրել, որ նա ընտրությունների արդյունքներով կարողանա 550 հոգանոց խորհրդարանում ստանալ առնվազն 330 պատգամավորական մանդատ (3/5):
Դա անհրաժեշտ է ԱԶԿ-ին՝ խորհրդարանում նոր Սահմանադրության նախագիծը քվեարկության դնելու համար, որի ընդունման համար, սակայն, անհրաժեշտ է 367 պատգամավորի (2/3) աջակցություն:
Եթե նոր Սահմանադրության նախագիծը դրվեր քվեարկության և չհաստատվեր խորհրդարանի կողմից, ապա Էրդողանը կարող էր այն դնել հանրաքվեի, որի ժամանակ և այն հաջողության կհասներ: Նոր Սահմանադրության նախագիծը նախատեսում է կառավարման խորհրդարանական համակարգից անցում նախագահական համակարգի՝ «Մեկ մարդու (Էրդողան)» ռեժիմի:









































