Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը զրկել է իրեն Թուրքիայի հարավ-արևելքի ընտրողների աջակցությունից՝ ժխտելով քրդական հարցի գոյությունը։ Այս մասին հայտարարել է քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը կիրակի ձայների նախնական հաշվարկից հետո՝ Ստամբուլի շտաբում ելույթ ունենալով կողմնակիցների առջև։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։
Քաղաքական գործչի խոսքով՝ այս ընտրությունները փոխել են թուրքական քաղաքականության վեկտորն ու վերջ դրել նախագահական համակարգի մասին քննարկումներին։ «Մենք խոսք ենք տվել կոալիցիայի մեջ չմտնել «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ և կպահենք այն։ Մեր կուսակցությունը երբեք չի աջակցի նախագծերին՝ ուղղված Թուրքիայի ժողովրդի դեմ»,- ընդգծել է նա։
Վերջինս հիշեցրել է ծանր պայմանների մասին, որոնցում անցկացվել է նախընտրական արշավը։
Կուսակցության ղեկավարն ընդգծել է, որ 10 տոկոսի շեմի հաղթահարումը հաղթանակ է ոչ միայն քրդերի, այլև Թուրքիայի բոլոր քաղաքացիների համար։ Նա կողմնակիցներին վստահեցրել է, որ բոլոր նախընտրական խոստումները կկատարվեն։









































