Bloomberg գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանը հաջորդ շաբաթ կսկսի Իրանից նավթի ներկրման գործընթացը, ինչն իրականացվելու է «նավթ` ապրանքների դիմաց» գործարքի շրջանակներում:
Այս մասին գործակալությանը հայտնել է Իրանի նավթարդյունաբերության նախարար Նամդար Զանգանեն. «Մենք հուսով ենք, որ հաջորդ շաբաթ նրանք (Ռուսաստանը) կներկրի (նավթի) առաջին խմբաքանակը»:
Նա հավելել է, որ Իրանը դեռ պետք է տեսնի, թե որքան նավթ է ցանկանում Ռուսաստանը: Զանգանեն հունիսի 3-ին Նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC) միջազգային սեմինարի շրջանակներում բանակցություններ է վարել Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի հետ և քննարկել է տվյալ հարցը: