Մինչ Ադրբեջանի իշխանությունները զգալի միջոցներ են ներդնում Եվրոպական խաղերի անցկացման համար, բնակիչներին հետաքրքրում է այն հարցը, թե ով է շահելու այդ իրադարձությունից։ Այս մասին հայտնում է Meydan TV-ն՝ ներկայացնելով մի ընտանիքի պատմություն, որն ապրում է աղքատության մեջ՝ Ադրբեջանի շքեղ մարզադաշտերի ստվերում։
Գյուլնարա Սուլեյմանովան՝ իր 5 հոգանոց ընտանիքով բնակվում է վագոն-տնակում, որը գտնվում է Բաքվի նոր հեղինակավոր մարզադաշտի հետևում, որը հատուկ կառուցվում է հաջորդ ամիս մեկնարկելիք Եվրոպական խաղերի համար։
«Դեպի այստեղ Ձեր ճանապարհին կարող է տեսած լինեք ավազի կույտեր, հենց այնտեղ ամուսինս ավազ մաղելով է զբաղվում, քանի որ աշխատանք չկա»,- ասել է Սուլեյմանովան, ով աշխատում է որպես մաքրուհի։
Ընտանիքի եկամուտը կազմում է ամսական մոտ 300 ադրբեջանական մանաթ (184 ֆունտ, մոտ 280 դոլար), որը հազիվ է բավականացնում սննդի համար՝ ասել է նա։
Ահա ընտանիքի պատմություն, որը գոյատևում է հավակնոտ վայրերի մոտ, որոնք կառուցվում են Ադրբեջանում անցկացվելիք անդրանիկ խաղերի համար և շռայլորեն ֆինանսավորվում պետական նավթային SOCAR ընկերության կողմից։ Հաղորդվում է, որ նախագահ Իլհամ Ալիևը, ով խաղերի անցակցման ջատագովն է, ներդրել է ընդհանուր 6.5 մլրդ ֆունտ մարզական միջոցառման ենթակառուցվածքում։
Կազմակերպիչները նաև վճարում են բոլոր 6000 մարզիկների ճամփորդական և կացարանային ծախսերը։ Այդ քայլը դատապարտվել է մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող խմբերի կոմից որպես փորձ՝ սպիտակեցնելու երկրում մարդու իրավունքներին առնչվող աղքատիկ վիճակն ու համատարած կոռուպցիան։
Անցած շաբաթ կառավարությունը երկարաձգել է մրցանակակիր հետաքննող լրագրողի կալանքը, ով հոդվածներ էր գրել պետական կոռուպցիայի վերաբերյալ։
Կյանքը նավթի հանքավայրերում
Սուլեյմանովայի համար շքեղ մարզադաշտերի և գոյատևման համար իր ընտանիքի ամենօրյա պայքարի միջև շլացուցիչ անհավասարությունը կարևոր հարցեր է բարձրացնում այն մասին, թե ըստ էության ով է շահելու այդ խաղերից։
«Ջուրը, գազը, էլեկտրականությունը մեկ մեծ խնդիր են։ Երբ խոսքը կենսապայմանների մասին է, պետք է փորձեք հասկանալ։ Դժվար է նկարագրելը»,- ասել է նա։.
10 տարի վարձակալությամբ բնակվելուց հետո ընտանիքը տեղավորվել է մարզադաշտի հետևի նավթի հանքավայրում գտնվող վագոնում։ Համատարած նավթի հոտ է, սակայն դա նրանց ամենամեծ խնդիրը չէ. նրանք սոված են, ծարավ, նրա երկու երեխաների առողջական վիճակը գնալով վատանում է։

Որդին ունի լսողական, իսկ դուստրը՝ տեսողական խնդիրներ։ Ամեն անգամ, երբ նա տեսնում է մարզադաշտը, նրան հետաքրքրում է, թե քանի երեխաներ կկարողանային բուժում ստանալ կառուցման վրա ծախսված գումարով։
«Երեխայիս բուժման համար այդ 4 մլրդ մանաթից միայն 100-ը բավական կլիներ, սակայն նրանք դա չտվեցին ինձ։ Ուր գնացի, ոչինչ չստացա»,- ասել է նա։
Այն ամենն ինչ ունեմ, այս սենյակում է
Սուլեյմանովայի ընտանիքն ապրում է կիսախավար, նեղ սենյակում՝ աղքատիկ կահույքով։ «Չունեմ սեղան։ Չեմ կարող Ձեզ աթոռ առաջարկել, որովհետև չունեմ»,- ասել է Սուլեյմանովան։ «Սա իմ և´ ճաշասենյակն է, և´ ննջասենյակը։ Չունեմ նորմալ վարագույրներ»,- ասել է նա՝ նշելով նաև լոգարանի բացակայության մասին։ «Մենք լողանում ենք հարևանների մոտ»,- ասել է նա։
«Խոհանոց չունեմ։ Այն ամենն ինչ ունեմ, այս սենյակում է»,- ասել է նա։

Ոչ ոք ականջալուր չի եղել աջակցության վերաբերյալ կնոջ խնդրանքներին։ Նա դիմել է սոցիալական աջակցություն ստանալու խնդրանքով, սակայն չի ընդգրկվել համապատասխան ցուցակում։ Նրան ասել են, որ ամուսինը պետք է պետական աշխատանք ունենա, որի մասին պետք է հաստատող փաստաթուղթ ներկայացնել, սակայն այդ դեպքում, ինչպես նշել է Սուլեյմանովան, իրենք աջակցության կարիք չէին ունենա։
«Նրանք կառուցում են մարզահամալիրներ, ճանապարհներ, բայց ո՞վ կշահի դրանցից։ Ինչո՞ւ նրանք չեն օգնում երեխաներին։ Ինչու՞ նրանք չեն մտածում, որ երկրում բնակվում են փոքրիկ երեխաներ, հիվանդ ու աղքատ մարդիկ։ Ինչո՞ւ նրանք չեն օգնում նրանց»,- ասել է Սուլեյմանովան։










































