Էստոնիայի կառավարությունը հավանության է արժանացրել ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը, համաձայն որի՝ ամերիկացիները հասանելիություն են ստանում երկրի պետական օբյեկտների նկատմամբ: Այս մասին գրում է Postimees պարբերականը:
Համաձայնագրում մասնավորապես նշվում են Էմարիում գտնվող ավիաբազան, Տապա քաղաքում գտնվող կենտրոնական հրաձգարանը, որի տարածքում ԱՄՆ զինվորականները կարող են անհրաժեշտ ենթակառույցներ կառուցել: Բացի այդ, տարածքների ցուցակը կարող է ընդլայնվել:
«Դաշնակիցները ցանկանում են իրենց ներդրումն ունենալ մեր անվտանգության հարցում և պատրաստ են դրան: Էստոնիան՝ որպես լավ տանտեր, իր կողմից աշխատանքի լավ պայմաններ է առաջարկում, փետրվարին կառավարությունն իր կողմից հավանության արժանացրեց 5 տարվա ընթացքում 40 մլն եվրոյի հատկացումը բազաների նորացման համար»,- ասել է երկրի պաշտպանության նախարար Սվեն Միքսերը:
Նախագծերի կառուցման, փաստաթղթերի ձևակերպման և թույլտվությունների համար պատասխանատվություն կկրի Էստոնիայի պաշտպանության նախարարությունը:










































