«Առաջին լրատվականի» զրուցակիցն է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Էդգար Վարդանյանը
– Էդգար, վերջին երեք տարվա ընթացքում մեր հասարակությունն ավելի շատ քննարկում է ընդդիմության` Հայ ազգային կոնգրեսի անելիքներն ու գործունեությունը, քան իշխանություններինը: Ըստ Ձեզ` դա չի՞ նշանակում, որ հասարակության սպասելիքները ընդդիմությունից են, ոչ թե իշխանություններից: Եվ որ իշխանությունները, տվյալ դեպքում` կոալիցիոն կուսակցությունները քաղաքական բեմահարթակում վաղուց անելիք ու ասելիք չունեն:
– Ես կարծում եմ, որ իշխանություններից մեր հասարակությունն այլևս որևէ սպասելիք չունի: Հասարակությունը շատ լավ հասկացել է, որ ներկայիս քաղաքական համակարգի շրջանակներում իշխանությունները ինչպիսին էլ որ լինեն, ինչ մարդիկ էլ որ գան, ի վիճակի չեն լուծելու երկրի հիմնարար խնդիրները: Իշխանություններն այսօր չեն կարողանում համարժեք պատասխանել հասարակության պահանջներին: Բնական է, որ այս դեպքում հասարակության հայացքն ուղղվում է դեպի ընդդիմադիր դաշտ: Ես կարծում եմ, որ հասարակությունը սպասելիքներ ունի քաղաքական բոլոր ընդդիմադիր ուժերից: Շատ դեպքերում հասարակությունը խնդիր չի դնում պարզելու, թե որ քաղաքական ուժն է հարյուր տոկոսանոց ընդդիմադիր: Հասարակությանը հետաքրքրում է, թե քաղաքական ուժերն ինչ պատասխան են տալիս իր առաջ քաշած հարցերին:
– Ըստ Ձեզ` «Ժառանգությունն» այսօր կարո՞ղ է համարվել ընդդիմադիր ուժ:
– «Ժառանգությունն» իր հայտարարություններով, իր վերջին քաղխորհրդի որոշմամբ ասել է, որ հիմնական, առաջնային խնդիրը իշխանության արտահերթ փոփոխությունն է: Եվ ըստ այդ հայտարարության` «Ժառանգությունը» ընդդիմություն է: Հասարակությունն այդ առումով սպասելիք ունի նաև «Ժառանգություն»-ից: Հայ ազգային կոնգրեսը հայտարարել է, որ իր խնդիրը ավազակապետության կազմաքանդումն է և սահմանադրական կարգի հաստատումը: Հասարակությունն էլ, ելնելով այդ հայտարարություններից, ՀԱԿ-ին ու «Ժառանգությանը» ընդունում է որպես ընդդիմություն: Որպես ընդդիմություն են ընկալվում նաև այլ քաղաքական միավորներ. օրինակ` «Սարդարապատը»:
– Սակայն նրանք վերջին շրջանի իրենց գործունեությամբ ցույց են տվել, որ իրենք ընդդիմադիր են ոչ թե իշխանություններին, այլ Հայ ազգային կոնգրեսին:
– Խնդիրը հետևյալն է: Եթե ընդդիմադիր ուժերը հայտարարում են, որ այս երկիրը հակաժողովրդավարական է, պետք է տեղի ունենա իշխանափոխություն, պետք է հաստատվի սահմանադրական կարգ, իրենք ինքնըստինքյան, հասարակության ընկալումներում դիրքավորվում են որպես ընդդիմադիր ուժեր: Այլ խնդիր է, թե հասարակությունը որ քաղաքական ուժին է համարում կարող և ի վիճակի իշխանափոխություն և համակարգային փոփոխություններ իրականացնելու հարցում: Հասարակության մի հատվածը միայն ՀԱԿ-ին է համարում կարող ուժ, որոշ մասը բոլոր ընդդիմադիր ուժերին, ինչ-որ մի մասն էլ ՀԱԿ-ին չի համարում կարող ուժ, և կարող ուժ է տեսնում «Սարդարապատ»-ին կամ «Ժառանգությանը»:
– Այդ դեպքում ինչո՞ւ, օրինակ «Սարդարապատ»-ին կամ «Ժառանգությանը» չի հաջողվում անցկացնել բազմամարդ հանրահավաքներ և ցույց տալ, որ հասարակության ստվար հատվածը պատրաստ է իրենց հետևից գնալ:
– Նախ պետք է պարզել` այդ ուժերն իրենց առջև դրե՞լ են նման խնդիր, թե՞ ոչ: Եթե տեսնենք, որ նրանք նման խնդիր դրել են, սակայն իրենց չի հաջողվել անցկացնել մարդաշատ հանրահավաքներ, այն ժամանակ կվերլուծենք, թե ինչու չի հաջողվել: Միգուցե նրանք տեսնելով, որ ՀԱԿ-ն է գերիշխող ընդդիմադիր քաղաքական ուժը և նրա հանրահավաքներն են անցնում բազմամարդ, մտածում են, որ դեռևս ժամանակը չէ, և իրենք չեն կարող մրցակցել: Հնարավոր է, որ մտածում են, թե այս պահին չկա հանրահավաք անելու անհրաժեշտություն: Շատ կարևոր է, թե որն է լինելու երկրորդ քայլը, երրորդ քայլը: Չէ՞ որ հանրահավաքը պայքարի գործիքներից մեկն է:
– Կան քաղաքական ուժեր, ովքեր հնչեցնում են այն տեսակետը, թե մեր դժբախտությունների պատճառը Սահմանադրությունն է, պետք է փոխել ոչ թե անձերին, այլ` Սահմանադրությունը, և ամեն ինչ տեղը կընկնի: Այս դեպքում, երբ մենք չունենք ժողովրդի կողմից ընտրված իշխանություն, և այն, ըստ էության, բռնազավթված է, Սահմանադրությունը փոխելով հնարավո՞ր է որևէ արդյունքի հասնել: Կամ` Սահմանադրությո՞ւնն է մեղավոր, որ իշխանությունը բռնազավթվում է:
– Սահմանադրական կարգը կա՛մ կա, կա՛մ չկա: Սահմանադրական կարգի լինելը կապված չէ այն բանի հետ, թե ինչպիսին է տվյալ երկրում գրված Սահմանադրությունը: Մեր Սահմանադրության մեջ հստակ ամրագրված են սահմանադրական կարգի հաստատմանը բավարարող բոլոր դրույթները: Եթե հասարակությունը կարողանա իր կամքը թելադրել և հաստատել սահմանադրական կարգ, ապա այս Սահմանադրության շրջանակներում դա կարելի է անել: Այնպես որ, Սահմանադրություն փոխելով չէ, որ պետք է հաստատել սահմանադրական կարգ:
– Հայ ազգային կոնգրեսին ուղղված քննադատություններից մեկն էլ այն է, որ քաղաքական այդ կառույցը միշտ չէ, որ կայացնում է թափանցիկ որոշումներ, և որ քաղաքական որոշումների կայացմանն իրազեկ են լինում սահմանափակ թվով մարդիկ: Հայաստանի նման ավտորիտար երկրում գործող ընդդիմությունը կարո՞ղ է գործել այնպիսի ժողովրդավարական մոդելով, ինչպիսին գործում են, օրինակ, Սկանդինավյան երկրներում: Նկատի ունենանք, որ իշխանությունները ընդդիմության դաշտում «ականներ» տեղադրելու հարուստ փորձ և զինանոց ունեն:
– Հետաքրքիր հարց է: Եթե որոշումները կայացվում են փակ համակարգում, և որոշում կայացնողը մեկ կամ մի քանի մարդիկ են, և հասարակությունը տեղյակ չի լինում, հետևաբար և` չի կարողանում վերահսկել: Երկրորդ պայմանն այն է, որ առաջանում է վստահության դեֆիցիտ, որ միգուցե այլ մտադրություններ ունի տվյալ քաղաքական ուժը: Երրորդ պայմանն այն է, որ չկա երաշխիք, որ սահմանափակ թվով մարդկանց հետ կայացրած որոշման դեպքում էլ չի լինի տեղեկատվության արտահոսք: Եթե հասարակությունը մասնակցում է որոշումների կայացմանը, ապա իշխանությունների ճնշման, հալածանքի դեպքում էլ ընդդիմադիր ուժի դիրքերը շատ ավելի ուժեղ են լինում: Եթե հասարակությունը չի մասնակցում այդ որոշումների կայացմանը, ապա չի կարող կանգնել այդ ուժի թիկունքին կամ օգնության ձեռք մեկնել: Ես կարծում եմ, որ կարող են լինել որոշ ընթացակարգային որոշումներ, որոնց ընդունմանը կարող են մասնակցել սահմանափակ թվով մարդիկ: Բայց ընդհանուր, հիմնարար որոշումները պետք է կայացվեն բաց, թափանցիկ, ժողովրդի մասնակցությամբ: Համաշխարհային փորձը ցույց է տվել, որ մարդիկ հենց այդպես են հասել լուրջ նպատակների: Մեկ օրինակ բերեմ: Այնպիսի տոտալիտար քաղաքական համակարգի պայմաններում, ինչպիսին էր անցյալ դարի 80-ականների Լեհաստանը, ի հայտ եկավ «Սոլիդարնոստ»-ը, որը շարժում սկսեց աշխատավորների շրջանում և անկախ արհեստակցական միությունների ստեղծման խնդիրը դրեց: Նրանք խնդիր դրեցին թուլացնել գրաքննությունը և երաշխավորել խոսքի ազատությունը: Նրանք գործադուլ հայտարարեցին և առաջ քաշեցին իրենց պահանջները: Այնուհետև նրանք հայտարարեցին, որ մինչև չարձագանքեն իրենց պահանջներին, իրենք այդտեղից չեն հեռանա: Նման դաժան տոտալիտար համակարգի պայմաններում երկրի ղեկավարները եկան գործադուլավորների մոտ և կազմակերպեցին կլոր սեղանի նման մի բան: Մի կողմում նստել էին «Սոլիդարնոստ»-ի անդամները, մյուս կողմում` կոմունիստական կուսակցության անդամները: Տեղի ունեցան բանակցություններ, և այդ բանակցությունները հեռարձակվում էին ռադիոկապի միջոցով: Գործադուլավորները լսում էին, թե ինչ է այնտեղ տեղի ունենում: Բանակցությունները վարեցին, դուրս եկան, ստորագրեցին հուշագիր, իսկ ժողովուրդը ժամեր շարունակ լսում էր այդ ամենը: «Սոլիդարնոստ»-ի անդամները պնդում էին, որ իրենք չեն հեռանա, մինչև իրենց խնդիրները չլուծվեն: Հետո նրանք դուրս եկան բանակցությունների ընթացքում ծնված փաստաթուղթը ձեռքներին, և ժողովուրդն իր ձեռքերի մեջ առավ Լեխ Վալենսիային ու նրա ընկերներին: Այս տարբերակով ընդդիմադիր շարժումը կարող է հասնել հաջողության, երբ հրապարակային պայքար է մղում: Ուրիշ տարբերակ չկա:









































