ԱՄՆ Ջորջիա նահանգում բնակվող տղամարդը՝ Ջիմ Քուլին, կնոջ հետ դստերը ճանապարհելու համար Ատլանտայի միջազգային օդանավակայան է մտել AR-15 հրացանով: Այս մասին գրում է New York Daily News-ը:
50-ամյա տղամարդը իր տարակուսանքն է հայտնել, երբ ոստիկանները նրան փորձել են բացատրել, թե օդանավակայան զինված մտնելը մարդկանց մոտ տագնապ է առաջացնում: Քուլին մտադիր է նրանց գործողությունները բողոքարկել դատարանում:
«Մարդիկ միանգամից քեզ հանցագործի տեղ են դնում, եթե զենք ունես: Բայց եթե դուք ոչ ոքի չեք սպառնում՝ ինչո՞ւ անհանգստանալ»,- ասել է Քուլին:
«Ես միշտ ինձ հետ զենք եմ կրում անվտանգության համար, դա իմ իրավունքն է, ես չպետք է ներողություն խնդրեի՝ օրենքին հետևելով: Երբեք չգիտես՝ ինչ կարող է պատահել»,- հավելել է նա:








































