Lenta.ru-ի փոխանցմամբ՝ NASA-ի գիտնականները Boeing-ի ինժեներների հետ համատեղ փորձարկել են իրենց մշակած ծածկույթը, որը միջատների մնացորդներին թույլ չի տալիս կպչել ինքնաթիռների թևերին:
Այս մասին նշված է NASA-ի պաշտոնական կայքում տեղ գտած հայտարարության մեջ: Գիտնականները դաշտային պայմաններում փորձարկել են ծածկույթի 5 տեսակ: Դրանցով հագեցած Boeing 757 մոդելի ինքնաթիռը կատարել է 15 փորձնական թռիչք, ընդ որում՝ յուրաքանչյուր թռիչքի ժամանակ քանիցս վայրէջք է կատարել և վերստին թռչել:
Որպես փորձարկման վայր ընտրվել է ԱՄՆ Լուիզիանա նահանգի երրորդ խոշոր քաղաք Շրիվպորտի օդանավակայանը: Փորձարկման պատճառներից մեկը եղել է տվյալ տարածաշրջանում բզեզների մեծ թվաքանակը:
Փորձարկումների ժամանակ լավագույն արդյունքն ունեցել է այն ծածկույթը, որն իրենից ներկայացնում է այնպիսի նյութ, որը ստեղծում է լոտոսի տերևի մակերևույթի պատրանք: Նյութն ունի քիմիական հատուկ կազմ, որի շնորհիվ բզեզների քանակը նվազել է 40 տոկոսով:












































