Աբովյանի քաղաքապետի թեկնածու Արթուր Հարությունյանը (Պալաչ) դատապարտել է իր մրցակցի դեմ դաժան հարձակումը. «Քիչ առաջ տեղեկացա, որ մայիսի 31-ին դաժանաբար ծեծի է ենթարկվել Աբովյան քաղաքի քաղաքապետի թեկնածու Կարապետ Իսրայելյանը: Խստորեն դատապարտելով տեղի ունեցածը՝ իմ զորակցությունն եմ հայտնում ինձ հետ քաղաքապետի պաշտոնի համար պայքարի դուրս եկած ավագ ընկերոջս՝ Աբովյանի նախկին քաղաքապետ Կարո Իսրայելյանին:
Հանցագործների ոճրագործ պատվիրատուներին զգուշացնում եմ, որ աբովյանցիներին տարիներ ի վեր ահաբեկության մթնոլորտում պահելու գործելաոճին մնացել է մի քանի օր: Վստահ եմ, որ հունիսի 7-ին կայանալիք քաղաքապետի արտահերթ ընտրություններում մեր բոլորի ճիշտ ընտրությունը վերջնականապես Աբովյանը կթոթափի ահաբեկությունից և վախի մթնոլորտից: Հունիսի 8-ին և դրանից հետո Աբովյանը պիտի ապրի ազատության մեջ, աբովյանցին անկաշկանդ և ինքնավստահ պետք է իր դժգոհություններն ու խնդիրները բարձրաձայնի համայնքի պատասխանատուների առջև:
Որպես Աբովյանի քաղաքապետի թեկնածու՝ ես կրկին բոլոր աբովյանցիներին խոստանում եմ, որ միասնաբար կառուցելու և շենացնելու ենք մեր քաղաքը, ապացուցելու ենք, թե ինչպես կարելի է կարճ ժամանակում հաղթահարել մեր քաղաքը կեղեքող գործազրկությունն ու ահագնացող արտագաղթը: Իմ համաքաղաքացիներին հորդորում եմ մի քանի օր էլ համբերել, և ամեն ինչ լավ է լինելու»:









































