Մայիսի 30-ին Ժնևում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և Իրանի արտգործնախարար Մուհամադ Ջավադ Զարիֆի միջև 6-ժամյա բանակցությունները չեն հանգեցրել Իրանի միջուկային ծրագրի հարցով հակասությունների վերացմանը: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարի տեղակալ Աբաս Արաղչին: Նա նաև հայտարարել է՝ «բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթ Վիեննայում՝ տեղակալների և փորձագետների մակարդակով»: Իրանական ԶԼՄ-ների տվյալներով՝ հանդիպումը Ավստրիայի մայրաքաղաքում կկայանա հունիսի 4-ին։
Ներկա փուլը բանակցային գործընթացի մի մասն էր, որն անցկացնում են Իրանը և ՄԱԿ ԱԽ-ի 5 մշտական անդամներն ու Գերմանիան։ Միջազգային «վեցյակը» հույս ունի մինչև հունիսի 30-ը հասնել Իրանի միջուկային ծրագրի հարցով վերջնական համաձայնագրի։ Ամփոփիչ փաստաթղթի համաձայնեցման վերջնաժամկետին մնացել է ընդամենը մեկ ամիս, սակայն կողմերը առայժմ չեն կարողացել վերացնել տարաձայնությունները, այդ թվում նաև՝ Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների հարցով։
Իրանի ԱԳ նախարարը բանակցություններից առաջ հույս էր հայտնել, որ կհաջողեն համաձայնության հասնել մինչև սահմանված ժամկետը՝ հունիսի 30-ը։ «Մենք ձգտում ենք»,- ժպտալով ասել է Զարիֆը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե որքանով է հնարավոր տեղավորվել ժամկետների մեջ։
Ժնևյան բանակցություններին մասնակցում էին նաև ԱՄՆ էներգետիկայի նախարար Էռնեստ Մոնիսը և ԵՄ արտաքին քաղաքական ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Հելգա Շմիդը:










































