ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Արմավիր մարզի Ալաշկերտ համայնքի մանկապարտեզ ՀՈԱԿ-ի սաների թունավորման դեպքի առթիվ։
Քննչական կոմիտեն այս կապակցությամբ հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Երեխաների հոսպիտալացվելու վերաբերյալ ահազանգերի հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ բուժօգնության դիմած երեխաներն Արմավիրի մարզի Ալաշկերտ համայնքի մանկապարտեզի սաներ են։
Լաբորատոր հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են ՀՀ առողջապահության նախարարի՝ 2013թ. օգոստոսի 12-ի «Նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ N 2.3.1-0102013 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» հրամանի պահանջների կոպիտ խախտումներ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում կամ թունավորում)»։
Հիշեցնենք, որ մայիսի 15-ին տեղեկություն էր տարածվել, որ հոսպիտալացվել են Ալաշկերտ գյուղի մանկապարտեզի 11 սաներ: Սննդի անվտանգության պետական ծառայությունը այսօր տեղեկացրեց, որ իրականացրել է Արմավիր քաղաքի թիվ 6 և թիվ 9 մանկապարտեզներում առկա սննդամթերքի՝ այդ թվում կաթի նմուշառում և հանձնել լաբորատոր փորձաքննության՝ պարզելու համար առողջապահության նախարարության կողմից հաստատված շիգելա զոնե վարակի աղբյուրը: Լաբորատոր փորձաքննության նպատակով վերցվել են նաեւ սննդամթերքի հետ շփվող մակերեսներից լվացուկներ: Շիգելա զոնեն (դիզենտերիան) համարվում է «կեղտոտ ձեռքերի» հիվանդություն, որը հանդիսանում է մարդկային շփման գործոնով պայմանավորված վարակ:










































