«Առաջին լրատվական»-ին տեղեկություններ էին հասել, որ երեկ Աբովյանի քաղաքապետի ընտրություններում առաջադրված Արթուր Գեղամի Հարությունյան անուն-ազգանվամբ երկրորդ թեկնածուն, որին առաջադրել են Գագիկ Ծառուկյանը և իր թիմակիցները՝ Արթուր Հարությունյանի (Պալաչ) ձայները փոշիացնելու համար, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կոտայքի մարզի թիվ 28 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին:
Հանձնաժողովի նախագահ Սիրակ Մեսրոպյանը դիմումն ստանալուն պես՝ առանձնացել և ինչ-որ զանգ է կատարել, ինչից անմիջապես հետո Ծառուկյանի թիկնազորը՝ հայտնի Էդոյի գլխավորությամբ, ԸԸՀ-ից առևանգել է Արթուր Հարությունյանին: Ավելի ուշ սպառնալիքների ու ճնշումների ազդեցության տակ թեկնածուն վերադարձել և իր ինքնաբացարկի դիմումը հետ է վերցրել: Ստեղծված վիճակը իրական խառնաշփոթ է առաջացրել Ընտրատարածքային ընտրական և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ:
Մենք նաև նշել էինք, որ այսօր առավոտյան Կենտրոնական ընտրական հանձնաժողովից համապատասխան աշխատակիցներ են մեկնել Աբովյանի Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով՝ հասկանալու, թե ինչպես է կարգավորվելու խնդիրը:
Ավելի ուշ մեր հրապարակմանն արձագանքել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ հերքելով մեր տեղեկությունը: ԿԸՀ-ի արձագանքը ներկայացնում ենք ստորև.
«ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ հրապարակման փաստերը չեն համապատասխանում իրականությանը: Ոչ քաղաքացի Արթուր Գեղամի Հարությունյանը, ոչ վերջինիս անունից լիազորված որևէ անձ, ոչ նրա լիազորված ներկայացուցիչը թեկնածուի գրանցումից հետո մինչ այս պահը չեն այցելել թիվ 28 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով և չեն ներկայացրել որևէ, այդ թվում՝ ինքնաբացարկի դիմում: ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որևէ աշխատակից այսօր առավոտյան չի մեկնել Աբովյան քաղաք»,- ասված է ԿԸՀ հաղորդագրության մեջ:









































