Սիրիայում և Իրաքում ԴԱԻՇ խմբավորման գրոհայինների դեմ ռազմական գործողությունների անցկացման վրա ապրիլի 9-ի դրությամբ ԱՄՆ-ը ծախսել է 2.1 մլրդ դոլար։ Այս մասին հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչ Սթիվ Ուորենը՝ փոխանցում է RIA Novosti-ն։
ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան սկսել է ավիահարվածներ հասցնել Իրաքում ԴԱԻՇ-ի դիրքերին անցած տարվա օգոստոսից, իսկ հաջորդ ամսից համանման արշավ ծավալել նաև Սիրիայում։
Ուորենը նաև հստակեցրել է, որ ձեռքի հակատանկային 2000 AT-4 նռնականետեր Իրաք կմատակարարեն արդեն հաջորդ շաբաթ՝ փոխանցում է AP-ն։ Սպասվում է, որ հակատանկային զենքը կդառնա արդյունավետ միջոց գրոհայինների կողմից լայնորեն գործածվող ականապատված մեքենաների դեմ պայքարում։
ԴԱԻՇ-ը, որում ԿՀՎ տվյալներով՝ հաշվվում է մոտ 30 հազար գրոհային, Իրաքի ու Սիրիայի զավթված տարածքներում «խալիֆայություն» է հռչակել և ձգտում է ընդլայնման։ ԴԱԻՇ-ին հավատարմության երդում են տվել տարբեր խմբավորումներ Լիբիայում, Եգիպտոսում, Աֆղանստանում, Նիգերիայում։







































