Մայիսի 19-ին Ադրբեջանում Ղարաբաղի պատերազմի մասնակից Միրթաիր Մուրսալովը ինքնահրկիզվել է Ջալիլաբադի ոստիկանության շրջանային վարչության առջև: Այս մասին հայտնում է qaziler.az կայքը՝ հղում անելով վետերանի եղբայր Միրքյամիլ Մուրսալովին:
Նրա խոսքով՝ այդ արարքի պատճառը վետերանի խնդիրների նկատմամբ շրջանի ղեկավարության անտարբեր վերաբերմունքն է:
Միրթաիր Մուրսալովը տեղափոխվել է Բաքվի հիվանդանոց: Բժիշկները, սակայն, վետերանի եղբորը հայտնել են, որ Միրթաիրը փրկվելու հնարավորություն չունի:
Կատարվածի առնչությամբ վետերանի կինը՝ Մահիրա Մուրսալովան, հեռագիր է ուղարկել երկրի նախագահ Իլհամ Ալիևին:
Վետերանի արարքի ստույգ պատճառը չի հաղորդվում:
Մի քանի օր առաջ Ջալիլաբադի շրջանում Ղարաբաղյան պատերազմի մեկ այլ վետերան՝ Հասան Աբդինովը, ինքնասպան է եղել՝ կախվելով սեփական տան բակում:












































