ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը ծաղրական մեկնաբանություն է գրել ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամայի Twitter-ի նոր բլոգում:
Նախօրեին Բարաք Օբաման ստեղծել էր բլոգ @POTUS (President of the United States՝ ԱՄՆ նախագահ) անվանումով. https://twitter.com/POTUS. «Ողջույն, ես Բարաքն եմ: 6 տարի անց ինձ վերջապես տվեցին սեփական օգտահաշիվ»,- գրել էր ԱՄՆ նախագահը իր առաջին գրառման մեջ:
Ի պատասխան՝ Քլինթոնը հետաքրքրվել էր, թե ինչ է լինելու Օբամայի միկրոբլոգի հետ պաշտոնից նրա հեռացումից հետո. «Բարի գալուստ, @Twitter, @POTUS! Մեկ հարց՝ նիքը մնալու է Սպիտակ տա՞նը»: Քլինթոնը հաղորդագրությանը կցել էր #askingforafriend («Հարցնում եմ ընկերոջս համար») հեշթեգը՝ նկատի ունենալով ապագա հնարավոր նախագահ իր կնոջը՝ Հիլարի Քլինթոնին։
«Լավ հարց է, @billclinton: Նիքը կմնա Սպիտակ տան հետ: Չգիտե՞ս ինչ-որ մեկի, ում հարկավոր է @FLOTUS? օգտահաշիվը (First Lady Of the United States՝ ԱՄՆ առաջին տիկին)»,- կատակել է Օբաման:
Օբաման արդեն Twitter-ում ունի 1 միկրոբլոգ՝ @BarackObama, որը վարում են նրա վարչակազմի աշխատակիցները:








































