Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինը ընդհանուր առմամբ բավարարված է նախարարների եռակողմ խորհրդակցություններից` Ռուսաստանի տնտեսական զարգացման և առևտրի նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի և առևտրի հարցերով ԵՄ տեսուչ Սեսիլիա Մալմսթրեմի մասնակցությամբ` Ուկրաինայի և ԵՄ-ի միջև ասոցացման համաձայնագրի հետ կապված: Այս մասին գրում է Korrespodent.net-ը:
«Այդ խորհրդակցություններում ինձ համար գլխավոր արդյունքն է հստակ ըմբռնումը նաև ռուսական կողմից, որ, առաջին` համաձայնագրի տեքստում փոփոխություններ չպետք է լինեն, իսկ երկրորդ` Ուկրաինայի և ԵՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ամբողջական իրացման ժամանակը չի փոփոխվի»,- Բրյուսելում ասել է նախարարը լրագրողներին:
Նա նշել է, որ կողմերը պայմանավորվել են, որ փորձագետների մակարդակով հետագա բանակցությունները կլինեն եռակողմ` մաքսային վարչարարություն, տեխնիկական պատնեշներ առևտրի մեջ և սանիտարական միջոցառումներ:
Փորձագիտական խորհրդակցություններից հետո կրկին նախարարական մակարդակով հանդիպում կիրականանա:
Ուլյուկաևը հայտնել է, որ ռուսական կողմը չի պնդում Ուկրաինայի և ԵՄ-ի` համաձայնագրի կիրառման հետաձգվելուն:
«Մենք նման հարց չենք դնում: Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է առավելագույնս արդյունավետ օգտագործել այն ժամանակը, որը կա»,- ասել է նա:










































