Ինչպես հայտնի է, հունիսի 7-ին Աբովյանում քաղաքապետի ընտրություն է: Առաջադրվել է 4 թեկնածու:
Առաջադրվածներից մեկը Աբովյանի նախկին քաղաքապետ Կարո Իսրայելյանն է, ով այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ առաջադրվել է երիտասարդների դեմ, քանի որ «քաղաքի նախկին ղեկավարները քաղաքում սպանել են խիղճն ու բարոյականությունը», իսկ, իր կարծիքով, քաղաքի հետ չէր կարելի այդպես վարվել:
«Քաղաքապետ` նշանակում է ժողովրդի ծառա: Ժողովուրդը քեզ վարձում է, ու դու պետք է աշխատես, իսկ նախկին քաղաքապետը 6-7 տարի քաղաքապետ էր, մեկ օր իր քաղաքում չի քնել: Առինջեցի է, թող գնար Առինջում գյուղապետ աշխատեր, ոչ թե` քաղաքապետ, ապա` նաև մարզպետ»,- ասաց Իսրայելյանը:
Անդրադառնալով Ծառուկյանի առաջադրած թեկնածուին, ասաց, որ նա ընդամենը գործիք է իր ղեկավարների ձեռքում:
Նախկին քաղաքապետը նշեց, որ վաղուց արդեն Վահագն Գևորգյանն իր թիմի հետ, Գագիկ Ծառուկյանի թիկնապահ Էդոյի ընկերակցությամբ, շրջում է դպրոցներով, մանկապարտեզներով ու քարոզչություն իրականացնում: «1.5 ամիս է` ման են գալիս` ժողովրդին վախեցնելով, ասֆալտ են անում: Մի քանի օր առաջ էլ փորձեցին ինձ ծեծել»,- ասաց Իսրայելյանը:
Կարապետ Իսրայելյանի հետ զրույցն առավել մանրամասն՝ տեսանյութում:









































