Հայտնի տնտեսագետ Ջիմ Օ’Նիլը պնդում է, որ աշխարհը պետք է շտապ ներդրում կատարի նոր հակաբիոտիկների մշակման մեջ՝ հայտնում է vestifinance.ru-ն: Կայուն մանրէների ցանկը մշտապես համալրվում է, և մարդկությունը սկսում է պարտվել այդ կարևոր ճակատամարտում:
Օ’Նիլի խոսքով՝ կամ հրատապ կերպով պետք է առնվազն 2 մլրդ դոլարի հիմնադրամ ստեղծվի, որից գումարները կուղղվեն նոր հակաբիոտիկների մշակմանը, կամ աշխարհը թանկ կվճարի իր սխալի համար: Իրականում խոսքը կարող է լինել մինչև 100 տրլն դոլար կորստի մասին, ինչը գործնականում աշխարհի վերջն է:
Հենց այսպիսի հայտարարություններից է Օ’Նիլը սկսել իր կարիերան բրիտանական քաղաքականության մեջ. հինգշաբթի օրը նա նշանակվել է գանձարանի կոմերցիոն քարտուղար (յուրօրինակ պաշտոն Մեծ Բրիտանիայում՝ ֆինանսական ոլորտում պարտականությունների լայն շրջանակով):
Տնտեսագետի խոսքով՝ 2 մլրդ դոլարանոց հիմնադրամը մարդկությանը բակտերիալ վտանգներից փրկելու կոչված գլոբալ ներդրումային ծրագրի միայն սկզիբն է: Նշված գումարը պետք է ներդրվի 5 տարում: Հիմնադրամին պետք է գումար տրամադրեն խոշոր ընկերությունները, դրանք պետք է ծախսեն հակաբիոտիկների մշակման նախնական փուլերի վրա:
«Տասնամյակների ընթացքում հակաբիոտիկների նոր դասեր չեն ստեղծվել, իսկ գոյություն ունեցող դեղերը կորցնում են արդյունավետությունը մանրէների կայունության աճի ֆոնին»,- հայտարարել է Օ’Նիլը:









































