ՀԱԿ խորհրդարանական խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը այսօր հայտարարել է, որ ընդդիմադիր դաշտի առանցքում այսօր ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն են: Այս հայտարարությունը շատ ուշագրավ է ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի միջև այս օրերին տեղի ունեցած մի հետաքրքրական դրվագի ֆոնին: ՀԱԿ-ից Գագիկ Ջհանգիրյանը հայտարարել էր, որ ԲՀԿ-ն այլևս առաջվանը չէ, մնացել է միայն անունը: Սրան ի պատասխան՝ ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը հայտարարել էր, որ բոլորը լավ գիտեն, թե ով ով է, և ով ում շնորհիվ է ինչ-որ բան ներկայացրել ու ներկայացնում իրենից: Այլ կերպ ասած՝ Վահան Բաբայանը ակնարկել է, որ ինչքան ԲՀԿ-ն էր կախված Գագիկ Ծառուկյանից ու նրա միջոցներից, այնքան էլ ՀԱԿ-ն էր նույն Ծառուկյանից ու միջոցներից կախված:
Հարաբերությունների այսօրինակ պարզաբանման ֆոնին ՀԱԿ-ի խորհրդարանական խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանի հայտարարությունը կարող է ընկալվել երկու հակադիր տեսանկյուններից: Շատ հավանական է, որ Ջհանգիրյանի հայտարարությանը հաջորդած՝ ԲՀԿ-ի հետ լարում առաջացնելուց հետո, ՀԱԿ-ը փորձում է Լյուդմիլա Սարգսյանի միջոցով ԲՀԿ-ին ակնարկել այդ լարումը թուլացնելու և համագործակցելու պատրաստակամության մասին:
Ընդհանրապես, վերջին շրջանում ՀԱԿ-ԲՀԿ հարաբերությունները մեկ այլ ուշագրավ դրվագ էլ արձանագրեցին, երբ խորհրդարանում այսպես կոչված «խոպանչիների» օրենքի քննարումից առաջ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարել էր, որ անբարոյականություն է այդ օրենքին դեմ չքվեարկելը, իսկ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարել էր, որ թող ոչ ոք բարոյականությունից չխոսի: Այժմ գուցե թե Լյուդմիլա Սարգսյանի միջոցով ՀԱԿ-ից մեսիջ է գնում ԲՀԿ, որ պատրաստ են լարումը թուլացնել և համագործակցել:
ՀԱԿ-ից նմանօրինակ մեսիջի հավանականությունը մեծ է, քանի որ փետրվարյան իրադարձություններից հետո ԲՀԿ-ն, լավ թե վատ, այնուամենայնիվ, կարծեք թե գտնում է հայաստանյան դաշտում իր գործունեության որոշակի նիշան, ինչը չես ասի ՀԱԿ-ի մասին: Հարցն այն է, որ այս քաղաքական ուժը ԲՀԿ-ի հետ մեղրամիսային հարաբերությունների ժամանակ այրել էր գրեթե բոլոր մյուս քաղաքական կամուրջները և այսօր հայտնվել է շատ դժվար վիճակում, հատկապես եթե նկատի ենք առնում այն իրողությունը, որ կոշտ ընդդիմության նիշայի առումով ՀԱԿ-ն այսօր լուրջ մրցակիցներ ունի և՛ ի դեմս «Հիմնադիր խորհրդարանի», և՛ «Քաղաքացիական պայմանագիր» կազմակերպության, որը պատրաստվում է կուսակցություն դառնալ: Եթե սրան գումարենք նաև այն, որ Սերժ Սարգսյանը մերժեց ՀԱԿ-ի առաջարկները, որ հրապարակվեցին Լևոն Տեր-Պետրոսյանի նամակի տեսքով, ապա պարզ է դառնում, որ այս պայմաններում ՀԱԿ-ին այլ բան չի մնում, քան նոր ԲՀԿ-ի հետ շփման եզրեր գտնել:
Սակայն խնդիրն այն է, որ նոր ԲՀԿ-ն կարող է և ՀԱԿ-ի կարիքը չունենալ, քանի որ այս կուսակցության ներկայիս նիշան, ըստ էության, շատ ավելի համեստ է լինելու, հետևաբար՝ ինքնուրույնաբար լիովին սպասարկելի և իրագործելի:
Այս ամենով հանդերձ՝ Լյուդմիլա Սարգսյանի հայտարարությունները մեկ այլ տեսանկյունից կարող են նշանակել և հակադրություն ՀԱԿ-ի հետ, և Սարգսյանը, որ ՀԱԿ խմբակցությունից է, սակայն կուսակցության անդամ չէ և այլ քաղաքական ուժ է ներկայացնում, ըստ էության չի ուզում կիսել ՀԱԿ-ի գժտությունը ԲՀԿ-ի հետ և իր մասով փորձում է նախապատրաստել ԲՀԿ-ի հետ հարաբերությունների որոշակի նախադրյալներ՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում հաջողությունը այլևս առանց ՀԱԿ-ի՝ ԲՀԿ-ի հետ փնտրելու համար:







































