«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ռազմավարական հետազոտությունների կովկասյան կենտրոնի ղեկավար, վրացի փորձագետ Մամուկա Արեշիձեն:
– Պարոն Արեշիձե, հայտնի դարձավ, որ Վրաստանն ու Ուկրաինան Ռիգայի գագաթնաժողովի ընթացքում ազատ վիզային ռեժիմ չեն ստանա: Ձեր կարծիքով՝ սա իսկապե՞ս կապված է այն բանի հետ, որ այդ երկրները չեն կատարել իրենց առջև դրված պարտավորությունները նման արտոնություն ստանալու համար, թե՞ պարզապես Եվրամիությունը ասոցացված այս երկրներով այլևս չի հետաքրքրվում:
– Ես այդպես ծայրահեղական հարցադրում չէի անի: Վրաստանը 90%-ով իրականացրել է այն պարտավորությունները, որոնք ստանձնել էր: Ես չէի ասի նաև, որ Եվրամիությանը հետաքրքիր չէ Վրաստանը, առավել ևս՝ Ուկրաինան: Գոյություն ունի քաղաքական կոնյունկտուրա: Այսօր Ուկրաինայում այնքան լարված իրավիճակ է, որ ԵՄ-ն ստիպված է հաշվի առնել ինչպես սեփական շահերը, այնպես էլ Ռուսաստանի շահերը՝ դա առաջին: Երկրորդ՝ իրավիճակը Ուկրաինայում թույլ չի տալիս կյանքի կոչել այն ծրագիրը, որի մասին հիմա խոսում ենք: Ուկրաինայում իրավիճակը շատ վտանգավոր է և հղի էլ ավելի վատթարացմամբ:
Ինչ վերաբերում է ազատ վիզային ռեժիմին, ապա ըստ իս՝ ուկրաինական իրադարձությունները թույլ չեն տալիս դա: Վրաստանի մասով ասեմ՝ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին՝ Հարավային Կովկասի տարածքում հավանական իսլամի տարածումը հնարավորություն չի տալիս եվրոպացի քաղաքական գործիչներին լավատեսական լինել այդ հարցում: Այսինքն՝ կա մտավախություն, որ Եվրոպայի տարածք Հյուսիսային Կովկասից և մասնավորապես Վրաստանից կարող են անցանկալի տարրեր ներթափանցել: Այս հարցերն էլ ստիպում են արևմտաեվրոպական քաղաքական գործիչներին զգույշ լինել, բայց դա՝ մի կողմից:
Իսկ մյուս կողմից՝ ես կարծում եմ, որ այն տվյալները, որոնք մենք հիմա ունենք, հնարավորություն են տալիս եվրոպական քաղաքական գործիչներին ավելի կառուցողական լինել, և նրանց զգուշավորությունն ուղղակի խորացնում ու փչացնում է իրավիճակը:
– Իսկ այդ գագաթնաժողովից այլ սպասումներ ունի՞ Վրաստանը: Օրինակ՝ Հայաստանը, ճիշտ է, մինչև հիմա չի հաստատվում, բայց ըստ ամենայնի՝ պետք է ինչ-որ համաձայնագիր ստորագրի ԵՄ-ի հետ Արևելյան գործընկերության շրջանակներում: Իսկ Վրաստանը այդ գագաթնաժողովից ինչ-որ ակնկալիքներ ունի՞:
– Արևելյան գործընկերության փուլը, ինչպես նաև մի շարք այլ փուլեր մենք արդեն անցել ենք: Այնպես որ՝ գլխավոր սպասումները վիզային ռեժիմի հետ են կապված: Հնարավոր է, որ այնտեղ ինչ-որ անսպասելի դրական քայլ լինի եվրոպական քաղաքական գործիչների, եվրոպական երկրների կողմից: Հիմա դրա մասին խոսելը վաղաժամ է: Ես կարծում եմ, որ Վրաստանի նախագահի նախնական այցը Եվրոպա թույլ կտա մեզ ԵՄ պատգամավորների դիրքորոշման մեղմացման հույս ունենալ:
– Վրաստանը շատ բաների միջով անցավ և ռիսկի դիմելով՝ անկախ հնարավոր վտանգներից, ստորագրեց Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը. ես ի նկատի ունեմ Ռուսաստանի հետ հակամարտությունն ու դրա հետևանքները: Եվրամիությունը Վրաստանի մասով իրեն արդարացնո՞ւմ է:
– Առաջինը՝ ասոցացումից հետո դեռ կարճ ժամանակ է անցել այդ հարցին պատասխանելու համար: Մյուս կողմից՝ ասոցացման ստորագրումը Եվրոպական երկրների հետ բիզնեսի հարցում առաջընթաց է գրանցում: Դա արդեն զգացվում է Վրաստանի արտադրած մթերքներում: Միգուցե շատ չի զգացվում, բայց արդեն նախանշաններ կան: Հատկապես պարենային արտադրանքի ոլորտում վրացի գործարարները ջանում են, որպեսզի այն համապատասխանի եվրոպական չափորոշիչներին: Դա առաջին հերթին վերաբերում է չրերին, թարմ միրգ-բանջարեղենին. այդ առումով որոշակի տեղաշարժ կա: Ընդհանուր առմամբ՝ դրա մասին դեռ վաղ է խոսել, որովհետև քիչ ժամանակ է անցել այդ փաստաթղթի ստորագրումից հետո:
Դրան զուգահեռ՝ պետք է ասեմ, որ մենք չենք դադարեցրել համագործակցությունը ԱՊՀ երկրների հետ: Ճիշտ տնտեսության կառուցման դեպքում այս երկու գործընթացները իրար կլրացնեն, և երկիրն այդ առումով ավելի գրավիչ կդառնա:
– Հայ-վրացական հարաբերությունները չե՞ն տուժել արդյոք իրար հակասող ընտրություններից հետո: Ի նկատի ունեմ, որ Հայաստանը անդամակցեց ԵՏՄ-ին, իսկ Վրաստանն ընդհակառակը՝ Ասոցացման համաձայնագիր ստորագրեց ԵՄ-ի հետ: Օրինակ՝ վերջերս Վրաստանը Ադրբեջանի ու Թուրքիայի հետ համատեղ համաձայնագիր ստորագրեց ռազմական համագործակցության վերաբերյալ: Դա որևէ կերպ կարո՞ղ է Հայաստանի դեմ օգտագործվել:
– Վրաստանը երբեք իրեն թույլ չի տա իր քաղաքականությունը գործադրել Հայաստանի դեմ: Վրաստանը միշտ ջանացել է և հիմա էլ ջանալու է ստեղծել տարածաշրջանում կայունության ինչ-որ ձևաչափ՝ անկախ նրանից, թե ինչ փաստաթղթեր է ստորագրել, ու լինել կամուրջ տարածաշրջանի երկրների միջև:
Իմանալով, որ տարածաշրջանում ներկա բոլոր խոշոր խաղացողները փորձում են մանիպուլյացիայի ենթարկել տարածաշրջանի քաղաքականությունը Հարավային Կովկասի հակամարտությունների միջոցով՝ վրացի քաղաքական գործիչները իրավունք չունեն այդ խաղում մասնակցել ինչ-որ մեկի կողմից: Այսինքն՝ շատ բան է կախված, թե որքանով կպահպանվի փխրուն քաղաքական հավասարակշռությունը Հարավային Կովկասի տարածքում: Եվ ես կարծում եմ, որ վրացի քաղաքական գործիչները շատ լավ հասկանում են, որ այդ փխրուն հավասարակշռության պահպանությանը իրենք ակտիվորեն պետք է մասնակցեն: Այնպես որ՝ ինչպիսի փաստաթուղթ էլ ստորագրի Վրաստանը, նա իրավունք չունի խախտել այդ փխրուն հավասարակշռությունը, և կարծում եմ՝ չի էլ խախտի:




































