Սահմանադրության փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ հանձնաժողովը հանգում է խորհրդարանական կառավարման մոդելի տարբերակին: Միևնույն ժամանակ Պողոսյանն ասել է, որ քննարկումներ են լինելու Վենետիկի հանձնաժողովի հետ, իսկ վերջին խոսքը լինելու է Սերժ Սարգսյանինը, որն իր պատկերացրած տեսքով է նախագիծը ներկայացնելու ԱԺ: Վարդան Պողոսյանն ասել է, որ քննարկումներ են գնում ՀՀ նախագահի, ԱԺ-ի և կառավարության վերաբերյալ դրույթների շուրջ:
Վարդան Պողոսյանի հայտարարությունը վկայում է, որ Հայաստանի սահմանադրական փոփոխությունների հարցում, այսպես ասած, մասնագիտական աշխատանքներն, ըստ էության, ավարտված են, և այստեղ մասնագետներն այլևս, այսպես ասած, անելիք չունեն, և խնդիրը քաղաքական դաշտում է: Ասել է թե՝ խնդիրը իշխանության լիազորությունների բաժանումն է, թե ինչ լիազորություններ են ունենալու նախագահը, ԱԺ_ն և կառավարությունը՝ վարչապետը: Այս տեսանկյունից, նույնիսկ խորհրդարանական կամ կիսանախագահական կառավարում ասվածը դառնում է հարաբերական, քանի որ քաղաքական քննարկումները երևի թե տեղի են ունենում այսպես ասած սահմանակից եզրերի սկզբունքով, և ըստ երևույթին համաձայնությունը հանգելու է, այսպես ասած, խճանկարային մի պատկերի, երբ նույնիսկ խորհրդարանական մոդելի պարագայում կմնա բավական ազդեցիկ նախագահական ինստիտուտ:
Այսպես, թե այնպես, ակնհայտ է, որ քաղաքական այդ քննարկումները, կամ ավելի ճիշտ ներիշխանական քննարկումները կշարունակվեն դեռ երկար և բավական բարդ, որովհետև ընդհանուր ներերկրային իրավիճակն է ինքնին բարդ է, և այդ տեսանկյունից դժվար է լինելու գալ ընդհանուր հայտարարի կարճ ժամանակում: Այդ ընթացքում, իհարկե, կլինեն քաղաքական դաշտ նետվող տարաբնույթ մեսիջներ, միգուցե, այսպես ասած, ապակողմնորոշող, շեղող տեղեկատվություններ, որով Սերժ Սարգսյանը կփորձի կառավարել գործընթացն ու բանակցության դաշտ բացել տարբեր ուժերի համար: Առայժմ ոչ մի քաղաքական ուժ հստակ չի արտահայտվել փոփոխությունների մասով, և բոլորը սպասում են նախագծին, այլ կերպ ասած՝ սպասում են այն գնին, որ Սերժ Սարգսյանը կառաջարկի փոփոխությունների իր տարբերակին լոյալության դիմաց: Իհարկե, Սարգսյանի համար նաև ոչ բոլոր ուժերի լոյալությունն է գերնպատակ կամ կարևոր, ինչի մասին վկայում է օրերս Էդուարդ Շարմազանովի հայտարարությունը, որ կոնսոլիդացիա չի նշանակում, որ բոլորն են համաձայն Սահմանադրության փոփոխության միևնույն տարբերակին:
Այսպես, թե այնպես, ակնհայտ է, որ 2017-18 փուլից առաջ խնդիրը հանգում է իշխանության վերաբաժանմանը, և այստեղ, իհարկե, ներիշխանական շահագրգիռ կողմերը, խմբերը մի քանիսն են: Սերժ Սարգսյանն այլևս իրավունք չունի առաջադրվել նախագահի պաշտոնում, սակայն ցանկանում է մնալ: Ներիշխանական մի շարք շերտեր կան՝ և ներկայումս գործող իշխանության մեջ, և գործող իշխանությունից դուրս, բայց հաակարգում նշանակալիորեն ներկայացված՝ ինչպես Ռոբերտ Քոչարյանը, և նաև տնտեսական դաշտում մեծ ներդրումներ ծավալող, որոնք բնականաբար չեն կարող իրենց ներդրումները թողնել բախտի քմահաճույքին և ներգրավված կլինեն իշխանության ձևավորման ներկայիս փուլում:
Այս բոլոր շերտերի համար, բնականաբար, կարևոր է, թե ինչ է լինելու Սերժ Սարգսյանից հետո, կամ ընդհանրապես Սերժ Սարգսյանը հետո լինելո՞ւ է, թե՞ Սարգսյանը մտադիր է մնալ ինչ-որ կերպ և դրա համար էլ փոխում է Սահմանադրությունը:
Իշխանության առաջին դեմք դառնալու հավակնություններ ունի Հովիկ Աբրահամյանը, միգուցե և այդ հավակնությանը հրաժեշտ չի տվել Ռոբերտ Քոչարյանը և փորձում էր հենց դա ցույց տալ մայիսի 9-ին այցելելով Արցախ, ընդ որում՝ Սերժ Սարգսյանի բացակայությամբ: Իհարկե, փետրվարյան իրադարձությունները առաջին հերթին մեծ հարված էին հենց Ռոբերտ Քոչարյանին, սակայն նա, իհարկե, միգուցե այս պահին Սերժ Սարգսյանի, այսպես ասած, առաջին մրցակիցը չէ, սակայն շարունակում է համակարգում լինել իշխանության ճաատագրով շահագրգռված կարևոր անձանցից մեկը: Անկասկած է, որ այսպես, թե այնպես, իշխող համակարգի յուրաքանչյուր սեգմենտ առնվազն փորձում է իշխանության նոր վերադասավորման, վերարտադրության նոր փուլում ստանալ առնվազն հնից ոչ պակաս դիրքեր, ինչը ընդհանուր առմամբ նշանակում է, որ նվազագույն խնդիրը բոլորի համար այն է, որ անգամ սահմանադրական փոփոխությունների պարագայում պահպանվեն իշխանական թևերի այնպիսի լիազորություններ, որոնց արդյունքում առանցքային կմնան իշխանության մեկից ավելի կետեր՝ սրանով իսկ թույլ չտալով միանձնյա կամ մոնոլիտ իշխանության սահմանադրական ամրագրում և պահպանելով որոշումների կայացման ներիշխանական մինչ այժմ եղած, այսպես ասած, «կոլեգիալ» տրամաբանությունն ու մեխանիզմը, որն, իհարկե, գործում է Սահմանադրության տրամաբանությունից դուրս:







































