Lufthansa ավիաընկերության ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Ստամբուլի օդանավակայանում օդանավում ռումբի մասին նախազգուշացման պատճառով: Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը` վկայակոչելով իր աղբյուրին:
Աղբյուրը չի հստակեցրել, թե ինչ կերպ է սպառնալիքը ստացվել:
Ավիաընկերության ներկայացուցիչ Մայքլ Լամբերտին իր հերթին հայտարարել է, որ անձնակազմի անդամները տարօրինակ ձայն են լսել բեռնախցիկից, ինչի պատճառով որոշել են վերադառնալ օդանավակայան: Նրա խոսքով` ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել, և պարզվել է, որ բեռները լավ ամրացված չեն եղել:
Ինքնաթիռը Ստամբուլից պետք է թռչեր Ֆրանկֆուրտ: Ուղևորների թիվը չի հստակեցվում:








































