Հայաստանի ռուսասեր ուժերը փորձում են համախմբվել, որպեսզի կարողանան ակնկալել Ռուսաստանի աջակցությունը: Ռուսամետ ուժերի համախմբման դերը իր վրա է վերցրել պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, ով խոստանում է, որ եթե բոլոր ուժերը հանդես գան համատեղ, ապա Ռուսաստանը պատրաստ է ֆինանսական և քաղաքական աջակցություն ցույց տալ իրենց: Ռուսասեր ուժեր ասածը մի քիչ հեղհեղուկ հասկացություն է, և այնտեղ ընդգծված խոշոր կուսակցություններ չկան, բայց կան տարբեր գործիչներ, ինչպես օրինակ՝ Աշոտ Մանուչարյանը, Արամ Մարտիրոսյանը, Իշխան Թովմասյանը, Գառնիկ Մարգարյանը, Վահան Շիրխանյանը և էլի մի խումբ մարդիկ, որոնց անունը հայ հանրությանը կամ ծանոթ չէ, կամ ոչինչ չի ասում:
Հայաստանում ռուսական ուղղվածություն ունեցող ուժերը ինչ-որ ֆինանսական աջակցություն ունեին մինչև 2013թ. սեպտեմբերը, մինչև այն պահը, երբ Հայաստանը պաշտոնապես չէր հայտարարել Մաքսային միությանը միանալու մասին և պաշտոնապես պատրաստվում էր ստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը: Ռուսները այդ ժամանակ՝ թեկուզ սահմանափակ, բայց որոշակի ֆինանսական միջոցներ էին ծախսում՝ օգնելով եվրասիական ուղղություն ունեցող ուժերին հանդես գալ ընդդեմ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի և քարոզել հօգուտ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության գաղափարի: Սակայն սեպտեմբերի 3-ից հետո երբ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը միանում է Մաքսային միությանը, իսկ 2015թ. հունվարին էլ Հայաստանը պաշտոնապես միացավ ԵՏՄ-ին, ռուսասեր ուժերի գոյության կամ Ռուսաստանի կողմից դրանց աջակցելու իմաստը ընդհանրապես վերացավ: Այս գործիչները արձանագրեցին, որ իրենք որևէ պահանջարկ չունեն, բայց որոշեցին չնահանջել և հանդես գալ նոր առաջարկով:
Այս գործիչները որոշել են, որ Ռուսաստանը կարող է իրենց նկատմամբ հետաքրքրությունը չկորցնել, եթե կասկածի Հայաստանի ընտրության միանշանակության հարցում: Հայ ռուսասերները համարում են, որ ռուսները իզուր են հանգստացել՝ համարելով, որ ԵՏՄ-ին միանալուց հետո Հայաստանի հարցերը լուծված են: Նրանք արդեն մի քանի ամիս է՝ ռուսական տարբեր շրջանակներում համոզված ասում են, որ անգամ ԵՏՄ անդամ դառնալուց հետո Հայաստանը շարունակում է ջերմ հարաբերություններ պահպանել Եվրամիության հետ, և Ռիգայի գագաթնաժողովում կարող է հաստատվել Հայաստանի հետ բանակցություններ սկսելու մանդատը: Իսկ դա նշանակում է, որ ԵՄ-ն շարունակում է պայքարել Հայաստանը Ռուսաստանից պոկելու համար, և իրենց համար պայքարի ճակատ է բացվել. պայքար հանուն նրա, որ Հայաստանը միանշանակ լինի Ռուսաստանի կողքին և ոչ թե «խաղեր տա Արևմուտքի» հետ:
Չնայած հայ ռուսասերների գործադրած բոլոր ջանքերին՝ Ռուսաստանում այնքան էլ լուրջ չեն վերաբերվում ոչ Հայաստանը ԵՏՄ-ից պոկելու, ոչ էլ Հայաստանի՝ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի կնքման բանակցությունների հաջող ավարտին: Ռուսները չեն ուզում խառնվել Հայաստանի ներքաղաքական կյանքին և օգնել Հայաստանի ընդդիմությանը, քանի որ նրանք համարում են, որ ավելի հեշտ է աշխատել և ներազդել իշխանության վրա:
Հայ ռուսասերները մի թաքուն զենք էլ ունեն Ռուսաստանի դեմ, որը նրանք պատրաստվում են գործի դնել միայն վերջին պահին՝ այն ժամանակ, երբ վերջնականապես կհամոզվեն, որ Ռուսաստանը իրենց ընդհանրապես բանի տեղ չի դնում և չի ցանկանում գոնե մասնակի ֆինանսական աջակցություն ցուցաբերել: «Եթե ռուսները չեն հասկանում, որ Հայաստանը գլորվում է դեպի Եվրամիություն, և դրա դեմ պետք է պայքարել, ապա մենք կդիմենք Չինաստանի աջակցությանը: Չինաստանի դերը համաշխարհային քաղաքականության մեջ օրեցօր մեծանում է, Չինաստանը դառնում է գլոբալ խաղացող, և նրանք հետաքրքրված են նաև Հարավային Կովկասով։ Նրանք չեն ցանկանում, որ Հայաստանը ամբողջովին անցնի Արևմուտքի ազդեցության տակ»,- ասում է մեր զրուցակիցը:
Հայ ռուսասերները վաղուց են բարեկամություն անում Հայաստանում Չինաստանի դեսպանատան հետ: Բայց չինացիներն էլ առանձնապես լուրջ չեն վերաբերվում նրանց և նրանց հնարավորություններին: Այնպես որ՝ որքան էլ տխուր լինի իրականությունը, հայ ռուսասեր գործիչները ինչպես եղել են չպահանջված, այնպես էլ մնալու են, որովհետև եթե այս ուժերը չունեն հայ հասարակության աջակցությունը, չեն կարող ունենալ ոչ Ռուսաստանի, ոչ էլ Չինաստանի ու անգամ Հյուսիսային Կորեայի աջակցությունը:







































