Երկրապահի օրվա առթիվ ԵԿՄ վարչական շենքի բակում տոնական միջոցառմանը մասնակցում էր նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Առաջին լրատվական»-ը նախարարից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է պահպանվում Վազգեն Սարգսյանի ժառանգությունը Մանվել Գրիգորյանի ղեկավարությամբ:
«Կարծում եմ՝ միջոցառումների մեծ ցանկը, հատկապես երկարապահ կամավորների պատանի ակումբների ներդրումը հանրակրթական դպրոցներում, խոսում է այն մասին, որ այդ գործը շարունակական է, և սերունդների հաջորդականությունը պահպանվում է: Մենք տարբեր միջոցառումների ժամանակ տեսնում ենք պատանի երկրապահներին, երիտասարդներին, ովքեր հայրենասիրությամբ են տոգորված, և կարելի է ասել՝ գործը կիսատ չի մնացել: Ոչ միայն սպարապետի, այլև մեր նախնիների ոգին մեր զավակների մեջ է: Եթե չլիներ այս շարունակականությունը, չէր լինի մեր հաջողությունը»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Նախարարը խուսափեց տոնական օրով անդրադառնալ ԵԿՄ-ի ազատամարտիկների խնդիրներին, մասնավորապես՝ ԵԿՄ-ի պառակտմանը, հանուն և ընդդեմ իշխանության ձևավորված ազատամարտիկների կառույցներին:








































