Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը հաստատել է, որ ԱՄՆ-ը սկսել է մարզել Սիրիայի այսպես կոչված չափավոր ընդդիմությանը ԴԱԻՇ-ի գրոհայինների դեմ պայքարելու համար:
Ավելի վաղ Reuters գործակալությունը` վկայակոչելով իր աղբյուրներին, հաղորդել էր մարզումները սկսելու մասին:
«Մենք հայտարարում ենք ընդդիմության առաջին խմբի նախապատրաստման մասին»,-ասել է նախարարը` նշելով, որ այս քայլը ծայրահեղ կարևոր է ԴԱԻՇ-ի ոչնչացման համար:
Քարթերը չի հստակեցրել` որտեղ են անցկացվելու մարզումները` նշելով, որ խոսքը «մի քանի անվտանգ վայրերի մասին է»:
Նախարարը նաև նշել է, որ առաջիկա շաբաթներին ԱՄՆ-ը կսկսի մարզել սիրիական ընդդիմության երկրորդ խմբին:










































