2014 թ. աշխարհում զինված հակամարտությունների պատճառվ հարկադիր տեղափոխվածների թիվը կազմել է 38 մլն: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է Նորվեգիայի փախստականների հարցերով խորհրդի ներքին տեղափոխված անձանց մոնիթորինգի անկախ կենտրոնի զեկույցում:
Կենտրոնի տեղեկությամբ՝ միայն 2014 թ. ներքին տեղափոխված անձանց թիվն աճել է 11 միլիոնով աշխարհում շարունակվող և նոր հակամարտությունների պատճառով, ինչը գերազանցել է ամենամյա ցուցանիշները վերջին 10 տարում:
Առավել բարդ իրավիճակով երկրների հնգյակում են Իրաքը, որտեղ 2,2 մլն մարդ ստիպված է եղել լքել ԴԱԻՇ-ի (Իրաքի և Շամի իսլամական պետություն) վերահսկողության տակ գտնվող տարածքները, Սիրիան՝ երկրի բնակչության կեսից ավելին: Երրորդը Հարավային Սուդանն է, որտեղ ներքին տեղափոխված է համարվում 1,3 մլն մարդ, չորրորդը՝ Կոնգոն, որտեղ այդպիսի մարդիկ 1 միլիոնից ավել են, հինգերորդը Նիգերիան է՝ նույնպես ավելի քան 1 մլն մարդ:
Ընդհանուր առմամբ, կենտրոնի տվյալներով, 38 մլն հարկադիր տեղափոխվածների առավել մեծ մասը բաժին է ընկնում Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի շրջաններին՝ 11,9 մլն մարդ: Կտրուկ աճ է գրանցվել նաև, մասնավորապես, Լիբիայում, որտեղ անցած տարի իրենց տները ստիպված լքել է մոտ 400 հազար մարդ: Եմենում շարունակվող հակամարտության հետևանքով անցած տարի հարկադիր փախստական է դարձել 334 100 մարդ:









































