«Ունենք ՀՀ քաղաքացիներ, որոնք, կամա թե ակամա, աշխատում են արտերկրում: Կա աշխատելու երկու տիպի մոտեցում՝ առաջինը, երբ մարդիկ գնում են ինչ-որ անհատների համար աշխատանք կատարելու, հետ են գալիս՝ առանց դրսում և այստեղ գրանցվելու: Բայց կա նաև քաղաքացիների երկրորդ խումբ, ովքեր գնում են և օտարերկյա կազմակերպություններում գրանցվում են, որովհետև ցանկացած օտարերկյա կազմակերպություն աշխատուժի նկատմամբ հսկողություն չի կարող իրականացնել առանց գրանցման»,- ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը:
Նա նշեց, որ իրենք մտադրություն չունեն հարկել արտագնա աշխատակիցներին, այլ ստեղծել հնարավորություն, խթանող հանգամանքներ, որպեսզի դրսի կազմակերպությունների սեփականատերերը շահագրգռված լինեն իրենց կազմակերպությունները գրանցել ՀՀ-ում:
«Որպեսզի գրանցվեն ՀՀ-ում, շահութահարկի դրույքաչափը սահմանում ենք 5%: Երկրորդ՝ եկամտահարկի դրույքաչափն էլ նվազեցնում ենք, որպեսզի շահագրգռված լինեն ձևակերպել ՀՀ-ում»,- հավելեց Միրումյանը:
Լրագրողի այն դիտարկմանը՝ արդյոք նման նախաձեռնությունը համաձայնեցվե՞լ է ՌԴ-ի հետ, Միրումյանը ասաց. «Ի՞նչ կարիք կա համաձայնեցնելու: Յուրաքանչյուր երկիր գործում է իր իրավապայմանագրային դաշտի սահմաններում: ՀՀ-ն որևէ սահմանափակում չունի շահութահարկի կամ եկամտահարկի ցանկացած դրույքաչափ սահմանելու հարցում: Դա ՀՀ որոշումն է: ԵՏՄ անդամակցության պայմանագրով ուղղակի հարկերի մասով որևէ պարտավորվածություն չկա, և դա որևէ բանի չի հակասում»:
«Ես չեմ ասում, որ մենք որևէ երկրի վճարվող գումարները բերում ենք այստեղ: Խնդիրն այն է, որ մեր երկրում ստեղծենք այնպիսի դաշտ, որ բիզնեսը շահագրգռված լինի գրանցվել մեր երկրում: Թե որ երկրի գումարները կգան Հայաստանի բյուջե, որինը չեն գա՝ արդեն հարցի երկրորդ կողմն են»,- պատասխանեց նա այն դիտարկմանը, որ, փաստորեն, ռուսական փողը մտադիր են բերել Հայաստան:







































