Մի խումբ թուրք մտավորականներ հանդես են եկել Հայոց ցեղասպանության դեմ համատեղ հայտարարությամբ՝ քննադատելով տարբեր երկրների խորհրդարանների կողմից Ցեղասպանության վերաբերյալ բանաձևերի ընդունումը։ Այս մասին գրում է «Հայթերթը»։
Բնականաբար, հայտարարությունը ստորագրել է թուրք մտավորականների՝ Հայոց ցեղասպանությունը ժխտող հատվածը, մասնավորապես, Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավոր, Թուրքիայի պատմագիտական ընկերության նախկին ղեկավար Յուսուֆ Հալաչօղլուն, «Ժողովրդահանրապետական» կուսակցության պատգամավորներ Ալի Օզգյունդուզը և Սյուհեյլ Բաթումը, լրագրող Նիհաթ Գենչը, Ստամբուլի Բեյօղլու շրջանի ղեկավարի տեղակալ Բարըշ Թընայը, գրող Աթաոլ Բեհրամօղլուն և ուրիշներ։
Հայտարարության մեջ անդրադարձ է կատարվում տարբեր երկրների օրենսդիր մարմինների կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևերի ընդունմանը։ Թուրք մտավորականները քննադատել են այդօրինակ նախաձեռնությունները՝ հայտարարելով, թե իբր Ցեղասպանությունը հորինվել է իմպերիալիստական ուժերի կողմից, թե Թուրքիան որևէ առնչություն չունի պատմական այդ իրադարձությունների հետ։





































