Ինչպես հայտնի է՝ երեկ ԳԱԼԱ էր գնացել մի քաղաքացի՝ իր հետ բերելով լուսանկարներ: Գնալով ընտրության` քաղաքացին ծրարի մեջ դրել էր նաև 5000 դրամ, իսկ քվեաթերթիկի վրա գրել. «Չեմ վաճառվում, փոխանցեք Սերժ Սարգսյանին»:
Ընտրությունների ավարտից հետո ԳԱԼԱ-ն փորձել է հետամուտ լինել, թե իսկապե՞ս ՀՀ քաղաքացին 5000 դրամանոցը ծրարել և գցել է քվեատուփ: Տիկինն ասել էր, որ ինքը չի հիշում տեղամասի անունը, բայց գիտի, որ ընտրել է Գյումրու Բայրոնի անվան թիվ 20 դպրոցում:
ԳԱԼԱ-ի աշխատակիցը ներկա է եղել, թե ինչպես են հանձնաժողովականները ձայների հաշվարկի ժամանակ հանել քվեաթերթի վրա գրված փոքրիկ նամակը՝ 5000 դրամանոցի հետ: Նրանք 5000 դրամը դարձյալ դրել են անվավեր թերթիկի մեջ:«Դրանից հետո քննչական բաժինը հետաքրքրվել է, գրություն է եկել մեզ քննչական պետից՝ ի գիտություն մեզ, որ նման դեպք է տեղի ունեցել: Եվ բնականաբար մենք արձանագրությամբ այն պատճենահանել ենք, և անցկացվել է քննություն: Մենք` հանձնաժողովի անդամներս, ոչ մեկս տեղյակ չենք եղել, մինչև մենք բացել ենք, բացել և գտել ենք: Իսկ գումարը տարել են իրանց հետ քննչական»,- փոխանցել է հանձնաժողովի նախագահ Գրիգոր Հարությունյանը:
Ընդ որում, բոլոր տեղամասերում մեծ թիվ էին կազմում անվավեր համարվող ձայները:
Գյումրու թիվ 18 դպրոցում տեղակայված ընտրատեղամասում ներկա անկախ դիտորդներից Արման Գրիգորյանի խոսքերով` ոչ մի ընտրություններում այսքան մեծ չի եղել անվավեր թերթիկների թիվը:
«Շատ էին անվավեր թերթիկները, ոմանք ինչ-որ նամակներ էին գրել, մի մասն էլ 5000 դրամանոց էին պատճենել և դա էին բերել ծրարել, գցել էին քվեատուփ: Երևի փորձել էին այս կերպ հետևել տիկնոջ օրինակին»:
Հիշեցնենք, որ տիկինը երեկ ԳԱԼԱ-ին տված հարցազրույցում հորդորում էր բոլորին հետ տալ ընտրակաշառքը: «Թող գումարները հետ շպրտելու ակցիա լինի: Տանեն հետ տան ու իրանց հոգին ազատեն էդ բեռից»,- նշել էր քաղաքացին: Իսկ սոցիալական կայքերում ամենուրեք գրում էին՝ հետևենք խիզախ կնոջ օրինակին:
Դարձյալ հիշեցնենք, որ ԿԸՀ-ի տվյալների համաձայն՝ անվավեր քվեաթերթիկների թիվը կազմել է՝ 50.992:
Սա երրորդ տեղի ցուցանիշ է: Սերժ Սարգսյանից և Րաֆֆի Հովհաննիսյանից հետո ձայների առավելությամբ երրորդ տեղում անվավեր ձայներն են կազմել, որին նոր հաջորդել է Հրանտ Բագրատյանը:









































