Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի արտգործնախարար, ԵԽԽՎ նախարարների կոմիտեի ժամանակավոր նախագահ Ահմեդ Դավութօղլուն Ստրասբուրգում պատասխանել է խորհրդարանականների հարցերին:
Հայ խորհրդարանականներից մեկը Դավութօղլուին հիշեցրել է, որ Թուրքիան բռնազավթել է Հյուսիսային Կիպրոսն ու Արևմտյան Հայաստանը, ինչպես նաև հայերի նկատմամբ Ցեղասպանություն իրագործել, ինչին Դավութօղլուն պատասխանել է.
«Սրանք ծանոթ մեղադրանքներ են, այդ իրադարձությունների միջև տարբերությունը հասկանալու համար անհրաժեշտ է տեղյակ լինել միջազգային իրավունքից: Ցեղասպանության հարցով «պետք է» զբաղվի գիտնականներից ու պատմաբաններից բաղկացած հանձնաժողովը: Եթե յուրաքանչյուր ոք գործի իր հիշողության հիման վրա, ապա մենք չենք հասնի փոխըմբռնման»:
Ադրբեջանի պատվիրակ Գանիրե Փաշաևան իր հերթին Դավութօղլուին հարց է ուղղել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին և ստացել հետևյալ պատասխանը.
«Ղարաբաղի հարցով զբաղվում է ԵԱՀԿ-ն: Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա նա մշտապես դեմ է հանդես եկել Ղարաբաղի և նրան հարակից շրջանների «օկուպացիային»: Մենք աշխատում ենք միջազգային հանրության ուշադրությունը բևեռել տեղահանված ադրբեջանական փախստականների վրա:
Դժբախտաբար, ցայժմ աշխարհը նրանց անհրաժեշտ ուշադրություն չի դարձրել: Թուրքիան մշտապես ջանքեր կգործադրի Կովկասում, այդ թվում՝ նաև Ադրբեջանի «զավթված» հողերում խաղաղության հասնելու համար»:
Դավութօղլուն նաև հերքել է այն, որ Թուրքիան նպատակ ունի վերածվելու տարածաշրջանային ու սուննի աշխարհի առաջնորդի. «Մեր օրակարգում «երբեք» չի եղել տարածաշրջանում և սուննի աշխարհում Թուրքիայի առաջնորդության հարցը: Մենք երբեք սուննիներին չենք աջակցել՝ ընդդեմ շիաների ու քրիստոնյաների»:
Հիշեցնենք, որ Թուրքիան ԵԽԽՎ նախարարների խորհրդի նախագահությունը 6 ամիս ժամկետով ստանձնել է 2010 թվականի նոյեմբերի 10-ին:








































