ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը 20 մլն դոլար կհատկացնի ոստիկանության բաժանմունքներին ոստիկանների համար մարմնի վրա ամրացվող տեսախցիկներ գնելու համար: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով այդ երկրի արդարադատության նախարարությանը:
Այդ գումարը տրամադրվում է իրավապահ մարմինների աշխատակիցներին տեսախցիկներով «զինելու» եռամյա ծրագրի շրջանակներում, որը հաստատել է ԱՄՆ Կոնգրեսը: Ծրագրի շրջանակներում կհատկացվի ընդհանուր 75 մլն դոլար:
Ոստիկաններին մարմնի վրա ամրացվող տեսախցիկներով ապահովելու անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք դեպքերով, ինչպիսիք են՝ ոստիկանների կողմից անզեն սևամորթ քաղաքացիների սպանությունները:
Վերջին այդպիսի դեպքը Բալթիմորում սևամորթ Ֆրեդի Գրեյի մահն է: Նա մահացել է ձերբակալությունից մեկ շաբաթ հետո, որի ժամանակ ողնաշարի վնասվածք է ստացել: Նրա մահից հետո քաղաքում զանգվածային անկարգություններ են սկսվել:









































