Լոզանի նյարդաբան գիտնականները կարողացել են «խաբել» փորձի մասնակիցների գլխուղեղն ու նրանց մոտ ստեղծել սենյակում ուրվականի ներկայության զգացողություն:
Ինչպես բացատրել են գիտնականները, նման սխեման աշխատում է հոգեկան շեղումներով մարդկանց գլխում: Իսկ փորձերի արդյունքները կարող են օգնել հիվանդների վերականգնմանը՝ գրում է Reuters-ը:
Փորձը գլխավորող հետազոտող Օլաֆ Բլանկեն ասել է, որ սովորական պայմաններում գլխուղեղը մշակված սխեմայով ճանաչում է ազդանշանները ու ի վիճակի է տարբերակել՝ դրանց աղբյուրը հենց մարդու մարմի՞նն է, թե՞ ինչ-որ կողմնակի բան։ Իսկ եթե խախտված է գլխուղեղի ու ազդանշանի մշակման կենտրոնի միջև կապը, ապա սեփական հպումները սկսում են ընկալվել որպես կողմնակի արդյունք, ու ստեղծվում է օտարածին ներկայության էֆեկտ:
Մարդուն կարող է թվալ, թե իրենից բացի՝ սենյակում կա ևս ինչ-որ մեկը կամ անգամ՝ ուրվական:
Բլանկեն բացատրել է, որ նման զգացողություններ են առաջանում շիզոֆրենիայով հիվանդների մոտ:
Հետազոտության արդյունքները կարող են օգնել բուժել նման կարգի հիվանդներին:









































