1869թ. այս օրը Դսեղում ծնվեց մեծագույն գրող ու բանաստեղծ, հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանը:
Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, այնուհետև Ջալալօղլուի (այժմյան Ստեփանավան) դպրոցում։ 1883-ից շարունակել է ուսումը Թիֆլիսի Ներսիսյան Ճեմարանում, սակայն նյութական ծանր իրավիճակի պատճառով 1887թ. ստիպված է եղավ թողնել դպրոցը:
Թումանյանը սկսել է ստեղծագործել 1880-ականների կեսից, այդ ժամանակ էլ սկսում է համագործակցել հայկական տարբեր թերթերի ու ամսագրերի հետ։ Լայն ճանաչում է ձեռք բերում «Բանաստեղծություններ» հավաքածուի (1-2 հատոր, 1890-1892թթ.) լույս տեսնելուց հետո։ 19-րդ դարի վերջին ու 20-րդ դարի սկզբին է, որ Թումանյանը հանդես է գալիս որպես ժողովրդի ստեղծագործական ավանդույթների վրա հիմնվող բանաստեղծ։
Իր ստեղծագործություններից շատերում նա նկարագրում է նահապետական օրենքներով ապրող գյուղացիների կյանքը, որը լի է ներքին ու հաճախ ողբերգական հակասություններով։ Այդ թեմային են նվիրված Թումանյանի այնպիսի պոեմները, ինչպիսին են «Մարոն» (1887թ., հրատարակվել է 1892թ.), «Լոռեցի Սաքոն» (1889թ., հրատարակվել է 1890թ.), «Անուշ» ողբերգությունը (1890թ., հրատարակվել է 1892թ.):
Թումանյանի պոեմներից, բալլադներից ու հեքիաթներից շատերի հիմքում ընկած է ժողովրդական բանահյուսությունը։ 1899թ. բանաստեղծը կազմակերպում է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամ են դառնում բազմաթիվ հայ նշանավոր գրողներ ու բանաստեղծներ:
XX դարի սկզբին Թումանյանը հայտնի է դառնում նաև որպես հասարակական գործիչ։ 1905-1907թթ. մասնակցում է Բաքվի հայ-թաթարական ընդհարումների հաշտեցմանը։ Ցարական կառավարության կողմից երկու անգամ ձերբակալվում է (1908թ. և 1911թ.) ու բանտ նետվում:
1912–1921 թթ. Հայ գրողների կովկասյան միության նախագահն էր։ Հայաստանի խորհրդայնացումից հետո դառնում է Հայաստանին օգնության կոմիտեի նախագահ (1921-1922թթ.):
Հովհաննես Թումանյանը մահացել է 1923թ. մարտի 23-ին Մոսկվայում:










































