«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը:
– Պարոն Խաչատրյան, Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, այս տարվա առաջին եռամսյակին Հայաստանում գյուղատնտեսությունը աճել է 4,5 տոկոսով: Այս ձմեռային ամիսներին ի՞նչ է տեղի ունեցել մեր գյուղատնտեսությունում, որ այդքան աճ է գրանցել այն դեպքում, երբ այդ ոլորտն ամառային ամիսներին էլ խիստ ռիսկային է:
– ԱՎԾ-ն միակ գերատեսչությունն է, որը և երկրի ՀՆԱ-ն է կատարում, և բոլոր պլանները: Ինչպես նաև ապահովում է տնտեսական աճը: Կարծում եմ, ԱՎԾ պետին վարչապետ նշանակելու ժամանակն է, և տնտեսությունը կշարունակի զարգանալ: Միակ ոլորտը, որը զարգանում է վերջին տարիներին, դա վիճվարչությունն է:
– Այսինքն ԱՎԾ-ի տվյալներն իրականության հետ կապ չունե՞ն:
– ԱՎԾ-ի տվյալներն իրականության հետ երբեք կապ չեն ունեցել: Մի քանի տարի առաջ երբ 1 հեկտարի հաշվով մոտ 3 տոննա ցորենի բերք էին ցույց տվել և ԱՎԾ-ով, և մարզպետարաններով, հանձնաժողովն ուսումնասիրություն կատարեց ու պարզեց, որ այն ոչ թե մեկ-երկու կամ հինգ տոկոսով, այլ մոտ չորս անգամ ուռճացված է: Հիշում եք ցորենի այն սերմերը, որ բերել էին, բայց արդյունքում բերք չստացանք: ԱՎԾ-ն ցույց էր տվել, որ այդ ցորենից հեկտարից միջինը 3 տոննա բերքատվություն է եղել, բայց մենք ուսումնասիրեցինք ու պարզեցինք, որ իրականում ընդամենը 500-600 կիլոգրամ էլ չէին ապահովել: Շատերը խոտի տակ քաղել էին: Մյուս կողմից էլ` այս տարվա սպասելիքը կարծես թե հուսադրող է: Ջրի խնդիրը անցած տարվա համեմատ կարծես թե մոտ երկու անգամ լավ կլինի: Անցանք փոշոտումը, ցրտից խուսափեցինք, մնում է կարկուտը: Ես միշտ կրկնում եմ, որ գյուղացին քանի դեռ բերքն իր տուն չի բերել` իրենը չէ:
– Այս տարի բնությունն օգնեց գյուղատնտեսությանը, ինչո՞վ է օգնում Գյուղատնտեսության նախարարությունը կամ պետությունը:
– Կարծես թե վերջին տարիներին պարարտանյութ, դիզվառելիք և որոշ սուբսիդավորում է իրականացնում: Բայց ես գտնում եմ, որ դա շատ քիչ է: Գյուղացուն պարզապես պետք է էժան վարկեր տալ կամ ընդհանրապես պետք է առանց տոկոսի երկարաժամկետ վարկեր տալ, հակառակ դեպքում գյուղատնտեսությունը չի զարգանա: Ես դեռ չեմ ճշտել, բայց արդեն գյուղատնտեսական սեզոնը սկսվել է, աշխատանքների կեսն է հասել, բայց որքան գիտեմ` գյուղացին դեռ չի ստանում այդ սուբսիդավորված վարկերը: Ես էլ չգիտեմ, թե ինչու չեն տալիս, այդ վարկը բյուջեով է նախատեսված, սուբսիդիայի չափն այս տարի կարծեմ 1,2 միլիադ դրամ էր: Շատ վատ է, որ չեն տալիս, քանի որ եթե գյուղացին փող չունի` աշխատանք չի կատարի:
Ավելին՝ տեսանյութում:









































