Իսրայելի բնակչուհին հրկիզել է Երուսաղեմում գտնվող ավտոլցակայանը, երբ այնտեղ եղած մի տղամարդ հրաժարվել է նրան ծխախոտ հյուրասիրել: Այս մասին հայտնում է The Jerusalim Post-ը: Մերժում ստանալով՝ կինը սկզբում որոշել է հեռանալ, սակայն մի քանի վայրկյան անց վերադարձել է, գրպանից հանել կրակայրիչն ու հրդեհ առաջացրել ավտոմեքենայի բենզաբաքից:
Վառելիքը վայրկենաբար բռնկվել է, սակայն տղամարդուն հաջողվել է հետ քաշվել: Լցակայանի աշխատակիցները կարողացել են հրդեհը մարել սեփական ուժերով:
The Jerusalim Post-ը նշում է, որ հրդեհի պահին ավտոմեքենայում ևս մեկ մարդ է եղել, որը նույնպես կարողացել է անվնաս մնալ:
Կինը փախել է դեպքի վայրից, սակայն ավելի ուշ ոստիկանությունը նրան ձերբակալել է: Ներկայումս նա կալանքի տակ սպասում է դատին: Կինը նաև պետք է հոգեբանական փորձաքննություն անցնի: Կնոջ մայրը պատմել է, որ իր աղջիկն արդեն երկար տարիներ հոգեկան խանգարումներ ունի: «Վերջին ամիսներին աղջկաս առողջական վիճակը վատացել է: Ես մի քանի անգամ դիմել եմ շրջանային հոգեբույժին, սակայն նրանից ոչ մի օգնություն չեմ ստացել»,- ասել է կասկածյալի մայրը:
Նշվում է, որ կինը, որը դատարանի առաջ կկանգնի մայիսի 3-ին, հրաժարվում է ընդունել իր մեղքը:









































