10։05 – Հրազդան, 25/26, 25/26 ԸՏ – Հանձնաժողովի նախագահ Եղիազարյան Սամվելը լքել է ընտրատարածքը խանութ գնալու պատրվակով և 5 րոպե անց վերադարձել է։
09։57 – Գորիս, 37/07 ԸՏ – Մեր դիտորդն արձանագրել է, որ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը այդ տեղամասում ունի երկուս վստահված անձ, ինչը խախտում է։ Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ քվեարկության սենյակում կարող է լինել յուրաքանչյուր թեկնածուի միայն մեկ վստահված անձ։
09։20 – Տավուշի մարզ, գյուղ Գետահովիտ, 40/33 ԸՏ – Մեր դիտորդն արձանագրել է բաց քվեարկության դեպք։ Ընտրողը, քվեախցիկից դուրս գալուց հետո մոտեցել է քվեատուփին, հանել է քվեաթերթիկը եւ բարձրաձայն ասել, թե ում օգտին է քվեարկել։ Նա դիտորդներին պարզաբանել է, որ ինքը ՀՀԿ անդամ է եւ դա անում է ինքնակամ, որ իրեն հավատան։ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ քվեարկության գաղտինությունը խախտելը պատասխանատվություն է սահմանում։
08։30 – Ապարան, 14/21 ԸՏ – Դիտորդն արձանագրել է, որ քվեախցիկում տարեց կնոջն օգնել են քվեարկել երկու անձք, ինչն Ընտրական օրենսգրքի խախտում է։ Հանձնաժողովի նախագահը ոչինչ չի ձեռնարկել խախտումը կանխելու համար՝ պատճառաբանելով, որ կինը շատ ծեր է եւ դժվարանում է քվեարկել։
08։45 – Երեւան, Դավիթաշեն, 5/8 ԸՏ – ՔՀԻ դիտորդին հանձնաժողովի նախագահը չի գրանցել եւ ներս չի թողել՝ պատճառաբանելով, որ նրա դիտորդական վկայականը պետք է լինի տեսանելի տեղում կպցված։ Ընտրական օրենսգրքում նման պահանջ չկա եւ դիտորդական վկայականը ցույց տալը բավարար է գրանցվելու եւ տեղամաս մուտք գործելու համար։
08։45 – Երեւան, Ավան, 1/6 ԸՏ– Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ դիտորդն արձանագրել է, որ կնքված քվեատուփի տակի հատվածում ճեղք կա, որից հնարավոր է քվեաթերթիկ մտցնել։ Հանձնաժողովի նախագահը պարզաբանել է, որ տուփը հանձնաժողովի բոլոր անդամները ստուգել են եւ կնքել, եւ հնարավոր է, որ մյուս տեղամասերում էլ նման տուփեր լինեն։
Նույն տեղամասում Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձը դիտորդին հայտնել է, որ հանձնաժողովն իրեն աշխատելու հնարավորություն չի տալիս, մասնակից չի դարձնում ընտական գործընթացին եւ որեւէ տեղեկություն չեն տրամադրում։
Տեղեկությունները տրամադրել է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն







































