Այս տարի «Եվրատեսիլ» ամենամյա երաժշտական մրցույթը կանցկացվի Շվեդիայի Մալմո քաղաքում, որին կմասնակցեն 39 երկրի ներկայացուցիչներ: Մրցույթը կանցկացվի մայիսի 14-ին և 16-ին, իսկ եզրափակիչ փուլը՝ մայիսի 18-ին:
Հայաստանը անցյալ տարվա բացակայությունից հետո այս տարի մասնակցության հայտ է ներկայացրել, իսկ Բոսնիա և Հերցեգովինան, Պորտուգալիան, Սլովակիան և Թուրքիան հայտարարել են, որ չեն մասնակցի մրցույթին:
Ինչ վերաբերում է մեր երկրին, ապա Հայաստանի «Հանրային» հեռուստաընկերության գեղարվեստական հանձնաժողովի ներքին ընտրությամբ 2013թ. «Եվրատեսիլ» երգի մրցույթին Հայաստանը կներկայացնի «Դորիանս» խմբի 26-ամյա երգիչ Գոռ Սուջյանը: Մինչ այդ, երգի ընտրությունը կկատարվի մարտի 2-ին՝ «Հանրայինի» ուղիղ եթերում, ազգային ընտրությամբ` հեռուստադիտողների sms հաղորդագրությունների և պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկությամբ: Այն երգը կհաղթի, որը ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության (50/50) արդյունքում կհավաքի ամենաբարձր միավորները:
Հայտարարված երգի մրցույթին կարող են մասնակցել հեղինակներ՝ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից: Երգի տևողությունը չպետք է գերազանցի 3 րոպեն:
Նշենք նաև, որ այս տարվա մրցույթի կարգախոսն է՝ «Մենք միասնական ենք» (We are one):








































