Սիրիայի իշխանությունների և ընդդիմության միջև բանակցությունները կարող են սկսվել ՄԱԿ-ում: Նման առաջարկով է հանդես եկել Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ պատվիրակ Լախդար Բրահիմին՝ Կահիրեում ԱՊԼ գլխավոր քարտուղար Նաբիլ Ալ-Արաբիի հետ բանակցությունների արդյունքներով ելույթի ժամանակ: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Բրահիմիի խոսքով՝ անցած շաբաթ ընդդիմադիրների ազգային կոալիցիայի ղեկավար Ահմեդ Մուազ Ալ Խատիբի առաջարկած նախաձեռնությունը հնարավոր է դարձնում դա, և միջազգային հանրությունը պետք է աշխատի նրա հետ՝ նախաձեռնության հաջողության համար:
Հիշեցնենք, որ Ալ Խատիբը հայտնել էր հանուն հարյուր հազարավոր խաղաղ բնակիչների կյանքի պահպանման համար իշխանությունների հետ երկխոսություն սկսելու պատրաստակամության մասին:
«Դամասկոսն արդեն հայտարարել է հակամարտության խաղաղ լուծում գտնելու ցանկության և երկխոսության պատրաստակամության մասին»,- նշել է ալժիրցի դիվանագետը:
Նրա խոսքով՝ եթե երկխոսությունն անցկացվի ՄԱԿ-ի բազայում, գոնե սկզբնական փուլում, ապա իրենց կհաջողվի դուրս գալ մութ թունելից:









































