Ֆրանսիայի Լազուրե ափի մարգարիտը համարվող Նիցցա քաղաքում դիմակահանդեսային մթնոլորտ է տիրում: Ձմռան հեռանալուց երկու շաբաթ առաջ այստեղ ամեն տարի անցկացվում է շքեղ տոնահանդես: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Այս տարի Նիցցայի դիմակահանդեսը նշում է իր 140-ամյակը՝ դա «անձնագրով», իսկ իրականում Նիցցայի դիմակահանդեսի մասին առաջին հիշատակումը թվագրվում է 1294 թվականին:
Գույնզգույն հանդերձներով ու տիկնիկներով միջոցառմանը ռիթմ են տալիս աշխարհի հարյուրավոր երաժիշտներ ու պարողներ: Տոնակատարության գեղեցիկ հատվածներից է «կորսոն»՝«ծաղիկների մարտը», երբ գեղեցիկ աղջիկները՝ դիմակահանդեսի նիմֆաները, առատորեն ծաղիկներ են նետում՝ գունավոր գորգով ծածկելով քաղաքի փողոցները:
Տոնի ընթացքում քաղաք է այցելում առնվազն 1 մլն հյուր: Տոնակատարությունները կավարտվեն մարտի 6-ին:









































