Ուղիղ մեկ դար առաջ մութ դրվագ է սկսվել փլվող Օսմանյան կայսրությունում։ Մոտ 250 հայ մտավորականներ, համայնքային առաջնորդներ ձերբակալվել են Ստամբուլում և արտաքսվել Անատոլիա, որպեսզի երբեք չվերադառնան։ Իրական աղետը սկսվել է մեկ ամիս անց։
1913 թվականին զինված հեղաշրջմամբ կայսրությունը զավթած երիտթուրքերի «Միության և առաջադիմություն» կոմիտեի ղեկավարած կառավարությունը ընդունեց արտաքսման օրենք՝ իրեն իրավունք վերապահելով արտաքսել ցանկացածին, ով որպես սպառնալիք կդիտարկվի ազգային անվտանգության համար։ Այս մասին Hurriyet Daily News-ի իր հոդվածում գրում է գրող, լրագրող Մուստաֆա Աքյոլը։
Հայերն իրական թիրախ էին։ Շուտով արևելյան Անատոլիայի գրեթե բոլոր մեծ ու փոքր քաղաքներում նրանք վռնդվել են իրենց տներից ու ճանապարհվել հեռավոր ու անապատային Սիրիա։
Որոշ վայրերում նրանք տեղափոխվել են գնացքներով, սակայն մեծ մասը հարկադրված քայլել է հարյուրավոր կիլոմետրեր՝ հաճախ առանց սննդի ու ջրի։ Շատերը ճանապարհին մահացել են սովից, ջրազրկումից և հիվադություններից։ Այլ դեպքերում եղել են կոտորածներ տեղացիների կողմից՝ իրականացված ատելությունից կամ զոհի ունեցվածքն առգրավելու տռփանքից։
Ընդհանուր առմամբ առնվազն 600 հազար հայեր, և հավանաբար ավելին, մահացել են 1915 թվականին՝ պատմության ամենաողբերգական էթնիկ զտումներից մեկի ժամանակ։ Ես՝ որպես մուսուլման թուրք, այդ տանջված հոգիների համար զգում եմ միայն ցավ ու խղճահարություն։
Սակայն նույն հիշողությունը ինձ նաև ուղղորդում է հարցնել, թե ինչո՞ւ է այդ մեծ աղետը տեղի ունեցել, և ինչպե՞ս է իմ ազգն իրականացրել դա։ Վախի ու ազգայնականության համադրումը եղել է շարժիչ ուժ։ 1915 թվականին օսմանները պատերազմի մեջ էին երեք մահացու ճակատներով (բրիտանացիների ու ֆրանսիացիների դեմ՝ Գալիպոլիում և Մերձավոր Արևելքում, և Ռուսաստանի դեմ՝ արևելքում), և հայերն ավելի ու ավելի հաճախ են սկսել դիտվել թշնամու հետ դաշնակցական հարաբերությունների մեջ։ Հոդվածագիրը կարծում է, որ «Օսմանյան էլիտան, և հատկապես Բալկաններում ծագում առած երիտթուրքերը, տեսել էին, թե ինչպես են հույներն ու բուլղարացիները էթնիկապես զտել իրենց մուսուլման բնակչությունների վիթխարի քանակներ իրենց ազգային ընդվզումների ժամանակ։ Այժմ նրանք վախեցել են, որ նույն բանը կպատահի Անատոլիայում՝ Ռուսաստանի խնամակալության ներքո անկախ Հայաստանի ի հայտ գալով»։
Երիտթուրքերի «կանխարգելիչ» տրամաբանությունը կարելի է տեսնել այդ ողջ ողբերգության ճարտարապետ Թալեաթ Փաշայի մոտ ընկերոջ՝ Հալիլ Մենթեշեի հուշագրություններում։ 1915 թվականի ամռանը նա այցելել է Թալեաթի տուն և գտել նրան թշվառ վիճակում։ «Ես հեռագրեր եմ ստացել Թահսինից (Էրզրումի նահանգապետ), ով պատմել է հայերի վիճակի մասին»,-բացատրել է Թալեաթը։ «Ամբողջ գիշեր չեմ կարողացել քնել։ Դա այն չէ, ինչ մարդկային սիրտը կարող է հանդուրժել։ Բայց եթե ես չանեի դա նրանց նկատմամբ, նրանք կանեին դա մեր նկատմամբ»։
Ես նույն տրամաբանությունը լսել եմ նաև իմ տատիկից, որն ապրել է Յոզղաթ քաղաքում, որտեղ 1915-ին հայերը զանգվածաբար կոտորվել են։ «Շշուկներ կային, որ հայերը կդաշնակցեն մոսկվացիների հետ՝ սպանելու բոլոր մուսուլմաններին»,- մի անգամ ասաց նա։ «Այն ժամանակ ավագները ներխուժել են հայկական եկեղեցի և գտել բազմաթիվ զենք ու զինամթերք։ Նրանք կարծել են, որ դա ապացուցում է շշուկները»։ Այն, ինչ հաջորդեց, տատս տխուր կասեր՝ եղել է «կեսիմը» կամ «կոտորածը» հայերի, ովքեր, ավաղ, կուտակել էին այդ զենքերը հավանաբար նաև վախից։
Թուրքական մտքում «եթե մենք չանեինք դա նրանց նկատմամբ, նրանք դա կանեին մեր նկատմամբ» տրամաբանությունը նաև ամրապնդվել էր վայրագություններից, որոնք հայ աշխարհազորայիններն իրականացրել էին մուսուլմանների նկատմամբ, երբ նրանք «վրեժի» հնարավարություն էին ունեցել՝ շնորհիվ արևելյան ճակատով Ռուսաստանի առաջխաղացման։
Թուրքերը շարունակում են հիշել այդ սարսափելի պատմությունները, մինչդեռ հայերի մեծ մասը միայն իր ցավն է հիշում։ Մենք՝ մարդիկ, ի վերջո, միտում ունենք հիշելու մեր սեփական կորուստները, քան այլոց։
Բայց հիմա, հավատացած եմ, որ ավելի արդար լինելու ժամանակն է։ Մեր կողմից, կարծում եմ, մենք՝ թուրքերս, սոսկալի սխալ ենք արել տասնամյակներ շարունակ մատների արանքով նայելով վիթխարի տառապանքներին, որոնց միջով հայ ժողովուրդն անցել է1915-ին։ Ժամանակն է, որպեսզի մենք հիշենք այդ անմեղ հոգիներին զղջումով և հարգանքով։ Նաև ժամանակն է, որպեսզի մենք ներողություն խնդրենք նրանց թոռներից։ Ես իմ կողմից անում եմ։ Ես նաև հույս ունեմ, որ մեկուսացումից մեկ դար անց մենք՝ թուրքերս ու հայերը, կարող ենք սկսել դուրս նայել քաղաքական պատերազմի և իրավական հարաբերությունների շրջանակից և սկսել տեսնել միմյանց ավելի մարդկային հարաբերություններում։










































