Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի Red Eagles ֆան-շարժման կոչը` հայ ֆուտբոլասերներին:
«Սիրելի´ ֆուտբոլասերներ, հայկական ֆուտբոլի սիրելի երկրպագուներ, շուտով մեկնարկելու են 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի ընթացիկ տարվա խաղերը, որտեղ իր մրցելույթներով հանդես է գալիս նաև մեր սիրելի Հայաստանի հավաքականը, որն իր առջև ունի դրած անլուծելի թվացող մի խնդիր. ցույց տալ պատվաբեր խաղ և ընտրական մեր խմբից ճանապարհ հարթել դեպի Ռիո Դե Ժանեյրո` դեպի աշխարհի առաջնություն:
Միշտ էլ դժվար, փորձություններով լի է եղել հայ ֆուտբոլիստների համար թե´ Եվրոպայի, թե´ աշխարհի առաջնությունների ընտրական մրցելույթներում, սակայն այսօր, մեր կազմում ունենալով Հենրիխ Մխիթարյան, Յուրա Մովսիսյան, Արազ Օզբիլիս, Մարկոս Պիզելլի և տաղանդաշատ այլ ֆուտբոլիստներ, ժամանակն է միջազգային ֆուտբոլային հանրությանը ցույց տալ, որ մեր հավաքականն էլ հասկանում է ֆուտբոլային լեզուն և ասելու շատ բան ունի:
Իհարկե, այս ճանապարհին կարևոր դերակատարություն ունես նաև դու, հա´յ երկրպագու, քանի որ քո ձայնն ու երգերը, քո կանչն ու պահանջն է ոգեշնչում մարզադաշտում մեր ֆուտբոլիստներին անել անհնարինը, կռիվ տալ ֆուտբոլային ճակատամարտերում և հաղթել հենց քեզ համար: Ժամանակն է տան հեռուստացույցն ու բազմոցը փոխարինել մարզադաշտի նստարաններով, ժամանակն է ընդունել, որ ֆուտբոլը խաղ է 11 հոգով, բայց վերջնական արդյունքը կախված է նաև 12-րդ խաղացողից՝ հայ երկրպագուներիցս:
Հայաստանի հավաքականի Red Eagles ֆան ակումբը կոչ է անում բոլոր հայ ֆուտբոլասերներին դառնալ իսկական երկրպագու, մեր հավաքականի իսկական նվիրյալ, դառնալ մեր հավաքականի հաղթանակների կերտման անմիջական մասնակիցը՝ երկրպագելով տղաներին հենց մարզադաշտում: Red Eagles ֆան ակումբը հրավիրում է 16 և ավելի բարձր տարիքի բոլոր ֆուտբոլասեր տղաներին և աղջիկներին անդամագրվելու երկրպագության մեր շարժմանը և միասին կերտելու հայ երկրպագուի մշակույթն ու պատմությունը:
Այն անձինք, ովքեր ցանկանում են միանալ Red Eagles-ին, կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 095 66-56-65, 098 68-87-08:





































