Ավստրալական AC/DC ռոք-խմբի թմբկահար Ֆիլ Ռադը խոստովանել է իր մեղքը սպանության սպառնալիքի և մարիխուանա և մետամֆետամին պահելու մեջ: Այս մասին հայտնում է Sydney Morning Herald-ը:
Ռադը խոստովանական ցուցմունք է տվել նորզելանդական շրջանային դատարանում նիստից առաջ: Ավելի վաղ նա հերքում էր իր մեղքը: Դատարանը Ռադին ազատության մեջ է թողել գրավի դիմաց՝ նրան պարտավորեցնելով հունիսի 26-ին ներկայանալ դատավճռի հրապարակմանը:
Երաժշտի փաստաբան Քրեյգ Թաքը հույս է հայտնել, որ իր պաշտպանյալը, որին մինչև 7 տարվա ազատազրկում է սպառնում, կխուսափի պատժից:
Ոստիկանության վարկածով՝ Ռադը 2014թ. սեպտեմբերին զանգահարել է իր ծանոթին և սպառնացել նրան ու նրա աղջկան: Ռադին մեղադրանք է առաջադրվել 2014թ. նոյեմբերի սկզբին, երբ խուզարկության ժամանակ նրա տանը գտել են թմրանյութեր:
Ռադը նաև մեղադրվել է սպանության կազմակերպման փորձի մեջ, բայց Նոր Զելանդիայի իշխանությունները նրա վրայից հանել են մեղադրանքները և ազատ արձակել գրավի դիմաց՝ պայմանով, որ նա թմրանյութ չի օգտագործի և կոնֆլիկտային իրավիճակներ չի ստեղծի:








































