Օրեր առաջ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով մեկնել էր Վրաստան և հանդիպել Վրաստանի իր գործընկեր Մայա Պանջիկիձեի հետ:
Նալբանդյանը հայտարարել էր, որ մինչև այս տարվա վերջ Հայաստանը ստորագրելու է Առևտրի և Ասոցացման պայմանագրերը:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանն, անդրադառնալով Նալբանդյանի հայտարարությանն, ասաց. «Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունն, իմ կարծիքով, պետք է մշակի ոչ միայն արտաքին գործերի նախարարը, այլ այն նաև պետք է դառնա հասարակական քննարկումների առարկա, այդ թվում՝ նաև խորհրդարանում հասարակության կողմից ընտրված կուսակցությունների և պատգամավորների միջոցով: Մենք հիմա ունենք Ռուսաստանի հետ երկկողմանի հարաբերություններ, երկկողմից դեպի բազմակողմանի շրջադարձն արդեն լուրջ քննարկման հարց է, և ես կարծում եմ, որ ամեն մի քաղաքացի իր ասելիքը պետք է ունենա»:
Մեր այն հարցին, թե Հայաստանի համար թեկուզ նման անմրցունակ ընտրությունների և արդեն իսկ կանխորոշված ընտրությունների պարագայում ավելի նպատակահարմար չէ՞ Սերժ Սարգսյանին ճանաչել լեգիտիմ, ուժեղ նախագահ, որպեսզի հետագայում Հայաստանը Ռուսաստանի առաջ նորանոր պարտավորություններ չունենա, Ա. Պապյանը պատասխանեց. «Եթե մենք խոսում ենք օրենքի տեսանկյունից, ապա նման իրավասություն՝ նախագահի լեգիտիմություն կամ ոչ լեգիտիմություն, իրավունք ունի ճանաչել միայն ԿԸՀ-ն: Եթե հիմա այստեղ մարդիկ կան՝ թեկնածուներ… այսինքն նրանցից 7-ն էլ ասում են միակ հաղթողը մենք ենք, մնացածը ոչ լեգիտիմ են:
Իսկ, ընդհանուր առմամբ, նախագահը պետականության ղեկավարն է, և ինչ-որ չափով մարմնավորում է նաև պետականությունը, հիմա նախագահն է արտահայտում պետականության լինելը, հետևաբար ուժեղ նախագահ ունենալը միշտ էլ ձեռնտու է սեփական ժողովրդի համար. եթե մենք անձերի մասին ենք խոսում, ես, օրինակ, վստահ չեմ, որ եթե Սերժ Սարգսյանի փոխարեն ընտրվի մի երկրորդ կամ երրորդ անձ, որը քիչ հավանական եմ համարում՝ կհամարվի ավելի լեգիտիմ, քան Սերժ Սարգսյանը: Իմ տպավորությունն այնպիսին է, որ մեր հասարակությունն այսօր այնպես է պառակտված, որ հասարակության մի մասի համար ցանկացած դեպքում կլինի ոչ լեգիտիմ, և դրանով իսկ խոցելի է դառնալու ինքնին նախագահի ինստիտուտը»:
Մեր զրուցակիցն, անդրադառնալով նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին հայտարարությանը, որի համաձայն՝ նա ԿԳԲ-ին հանձնարարել է պաշտպանել եվրասիական ինտեգրացիան և այս գործի համար համագործակցել այլ երկրների կոլեգաների հետ, այլ կերպ ասած՝ այն երկրների, որոնք ներառվում են եվրասիական ինտեգրացիայի տիրույթ, ասաց. «Ինձ համար խիստ տարօրինակ է այն, ինչի մասին ինքը խոսում է և կոչ է անում։ Հասկանալի չէ: Իմ պատկերացմամբ՝ դա իր գործառույթից դուրս է։ Եթե լիներ պայքար տեռորիզմի դեմ, ես կհասկանայի, բայց ինչ-որ ինտեգրացիոն գործընթացներ և քաղաքական ուղղվածություններ, դա ինձ համար արդեն անհասկանալի է։ Բնականաբար, այս հայտարարությունը նա արել է իր շահից ելնելով, բայց եթե չափավոր բնութագրենք, ապա խիստ տարօրինակ է:










































