Այսօր Հյուսիսային Կորեան որպես գլխավոր ազգային տոն տոնում է Կիմ Չին Իրի ծննդյան օրը: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, երկրի մայրաքաղաք Փխենյանում տեղի են ունեցել մի շարք համերգներ, կայացել է դահուկասահորդների մրցույթ:
Տոնի կապակցությամբ Հյուսիսային Կորեայի ներկայիս առաջնորդ Կիմ Չեն Ունը Փխենյանի մոր և մանկան կենտրոնին նվիրել է մեծ քանակությամբ մեղր: Կենտրոնի աշխատակիցները և ծննդատան հիվանդներն իրենց խորը երախտագիտությունն են հայտնել Հյուսիսային Կորեայի առաջնորդին, «որը, ինչպես և իր հայրը, մեծ հոգատարություն է ցուցաբերում իր ժողովրդի հանդեպ»:
Միևնույն ժամանակ, Կիմ Չեն Ունը կարգադրել է ուղղաթիռներով նվերներ հասցնել երեխաներին, որոնք բնակվում են Դեղին ծովի ինը ամենահեռավոր կղզիներում:
Ամենաաչքի ընկնող զինծառայողներին, կուսակցության անդամներին, աշխատավորական կոլեկտիվների ներկայացուցիչներին հանձնվել են ձեռքի ժամացույցներ` «Կիմ Չեն Իր» մակագրությամբ, վերջինիս մեջբերումների ժողովածուները և աշխատանքային շքանշաններ:








































