Քանդվող քարե վանքը, որը կառուցված է բլրալանջին, կանգնած է որպես սոսկալի անցյալի լքյալ հուշարձան։ Նույնպիսի վիճակում է նաև Դիարբեքիրի Չյունգյուշ լեռնային գյուղի մյուս կողմում գտնվող քայքայվող եկեղեցին։ Ավելի հեռու՝ հողի վրա ճեղք է բացված՝ այնքան խորը, որ ներս նայելիս միայն մթություն կարելի է տեսնել։ Ըստ պատմության՝ հենց այնտեղ են 100 տարի առաջ անհայտ թվով հայերի նետել, որպեսզի մահանան։
«Նրանք նրանց նետել են այդ անցքը, բոլոր տղամարդկանց»,- ասել է 78-ամյա Վահիթ Սահինը, ով գյուղի կենտրոնի սրճարանում նստած պատմել է պատմություններ, որոնք փոխանցվել են սերնդեսերունդ։
Պարոն Սահինը շրջվել է և մատնացույց արել վանքը՝ ասելով. «Այդ մասը հայկական էր, այս մասը՝ մուսուլմանական։ Սկզբում նրանք իսկապես բարեկամներ էին»։
100 տարի առաջ՝ Առաջին համաշխարհային պատերազմի կեսերին, այս գյուղն ու արևելյան Անատոլիայի անթիվ այլ գյուղեր վերածվեցին սպանդի դաշտերի, քանի որ Օսմանյան կայսրության հուսահատ ղեկավարությունը, կորցնելով Բալկանները և բախվելով իր արաբական տարածքները կորցնելու հեռանկարին, սպառնալիք տեսավ։
Անհանգստացած, թե քրիստոնյա հայ բնակչությունը ծրագրում է համագործակցել Ռուսաստանի՝ օսմանյան թուրքերի գլխավոր թշնամու հետ, պաշտոնյաները ձեռնամուխ եղան նրան, ինչը պատմաբաններն անվանում են 20-րդ դարի առաջին ցեղասպանություն։ Մոտ 1.5 մլն հայեր սպանվեցին, ոմանք՝ կոտորածներում, ինչպիսին այստեղ այս մեկն է, մյուսները՝ սիրիական անապատով հարկադիր երթերում, որոնք նրանց սովամահ արեցին։
Ցեղասպանությունն Առաջին համաշխարհային պատերազմի մեծագույն գազանությունն է։ Այն նաև մնում է հակամարտության ամենավիճելի ժառանգությունը, որը հանդիպել է թուրքական իշխանությունների կողմից հարյուրամյա լռության ու ժխտման։ Վերապրած հայերի ու նրանց ժառանգների համար ցեղասպանությունը դարձել է նրանց ինքնության առանցքային նշագիր, հոգեկան վերքերը փոխանցվել են սերնդեսերունդ։
«Հայերը մի ամբողջ դար անցկացրել են՝ բացականչելով աշխարհին, որ դա տեղի է ունեցել»,- ասել է Գաֆուր Թուրքայը, ում պապը փոքր ժամանակ վերապրել է Ցեղասպանությունը և հայտնվել մուսուլման ընտանիքում։ Թուրքայը վերջին տարիներին իր ժառանգությունը բացահայտելուց հետո սկսել է ներկայանալ որպես հայ և փոխել է դավանանքը՝ ընդունելով քրիստոնեություն։ «Մենք ցանկանում ենք այս երկրի մաս լինել մեր իսկական ինքնությամբ, ինչպես եղել է 100 տարի առաջ»,- ասել է նա։
Հիշատակի միջոցառումներ ողջ աշխարհում
100-րդ տարելիցը կնշվի ապրիլի 24-ին՝ ամսաթիվ, երբ օսմանները 1915-ին Ստամբուլում շրջապատել են մի խումբ հայ երևելիների ՝որպես առաջին քայլ այն բանի, որը, ինչպես համաձայնել են պատմաբանները, եղել է ոչնչացման ավելի լայն ծրագիր։ Թուրքիայի և սփյուռքի հայերը պատրաստվում են հավաքվել Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակում՝ հարգելու զոհերի հիշատակը։ Նրանք նաև կանցկացնեն համերգ՝ հայ և թուրք երաժիշտների մասնակցությամբ։
Համանման միջոցառումներ կանցկացվեն մայրաքաղաքներում աշխարհով մեկ, ներառյալ Հայաստանի մայրաքաղաք Երևանում, որտեղ Քիմ Քարդաշյանը, ով հայկական արմատներ ունի, վերջերս իր ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի հետ այցելել էր՝ առաջ քաշելու Ցեղասպանության հարցը։ Այն, որ Եվրախորհրդարանն ու Ֆրանցիսկոս պապը օրերս բնութագրեցին կոտորածները որպես ցեղասպանություն, ավելացնում է ճնշումն Անկարայի վրա։
Թուրքական կառավարությունը խոստովանում է, որ վայրագություններ կատարվել են, բայց ասում է, որ դրանք տեղի են ունեցել պատերազմի ժամանակ, երբ բազմաթիվ այլ ժողովուրդներ են մահացել։ Պաշտոնյաները վճռականորեն ժխտում են հայ բնակչությանը համակարգված ոչնչացնելու ծրագրի առայությունը։
Անկարան չի մասնակցում հիշատակի ոչ մի միջոցառման, ոչ էլ պատրաստակամ է երևում առերեսվելու ներողության համար հայկական պահանջներին։ Փոխարենը՝ Ցեղասպանության տարելիցի նույն օրը թուրքական իշխանությունները ծրագրել են միջոցառում Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի առիթով, իրադարձություն, որն օգնել է դնել ժամանակակից թուրքական ինքնության հիմքը։
Տարելիցը հաջորդում է թուրքական կառավարության դիրքորոշման կարծեցյալ մեղմացման մի քանի տարիներին։ Նոր քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ծաղկման հետ կառավարությունը պատմության վերաբերյալ պաշտոնական դիրքորոշումից տարբերվող հայացքների հարցում դարձել է ավելի հանդուրժող։ Անցած տարի Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայերին ցավակցելով, ցավոտ պատմության ճանաչման հարցում ավելի հեռուն գնաց, քան երբևէ որևէ թուրք պաշտոնյա։
Երբ տարելիցն արդեն մոտ է՝ իրավիճակը վերադարձել է արմատացած կաղապար՝ թուրքական ժխտողականություն, հայկական զայրույթ և հաշտեցման փոքր նշան։
Էրդողանը հանդես է եկել ռազմատենչ ավանդական հայտարարությամբ. «Հայկական սփյուռքը փորձում է 1915-ի 100-րդ տարելիցին ընդառաջ՝ ցեղասպանության հարցերով համաշխարհային արշավով ատելություն սերմանել ընդդեմ Թուրքիայի,- օրերս ասել է Էրդողանը։- Եթե ուսումնասիրենք, թե մեր ազգն ինչի միջով է ստիպված եղել անցնել 100 կամ 150 տարի առաջ, ավելի շատ տառապանքներ կգտնենք, քան այն տառապանքները, որոնց միջով անցել են հայերը»։
Երկրում, որը բնորոշվում է իր բաժանումներով՝աշխարհիկի և կրոնականի, հարուստի և աղքատի, ազատականի և պահպանողականի միջև, Հայոց ցեղասպանության ժառանգությունը թուրքերի համար միավորող հարց է։ Վերջերս Տնտեսագիտության և արտաքին քաղաքական ուսումնասիրությունների կենտրոնի (Ստամբուլի հետազոտական կազմակերպություն) անցկացրած հարցումը ցույց է տվել, որ թուրքերի միայն 9 տոկոսն է, չնայած կառավարության դիրքորոշմանը, պատրաստ վայրագությունները համարել ցեղասպանություն և ներողություն խնդրել դրանց համար։
Թուրքիայի արմատացած դիրքորոշումը, որը հակասում է պատմական գիտությանը, ժառանգություն է այն մասին, թե ինչպես է Առաջին համաշխարհայինից հետո հիմնադրվել թուրքական պետությունը։ Հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի տիրապետության ներքո հասարակությունն այստեղ ենթարկվել է թուրքականացման գործընթացի՝ սոցիալական ինժեներիայի սխրագործություն՝ հիմնված անցյալի ջնջման ու բազմաէթնիկ պատմության ժխտման վրա։ Հայկական ջարդերը սրբվել են երկրի պատմությունից, դրանք շարքային թուրքերի համար ջրի երես են դուրս եկել միայն 1970-ականներին՝ թուրք դիվանագետների դեմ հայկական ահաբեկչական արշավից հետո։
Նույնիսկ հիմա թուրքական դասագրքերը հայերին նկարագրում են որպես դավաճաններ, Հայոց ցեղասպանությունն անվանում սուտ և ասում, որ օսմանյան թուրքերն «անհրաժեշտ միջոցառումներ» են ձեռնարկել՝ հայկական անջատողականությանը հակազդելու համար։ Ստամբուլի Ռազմական թանգարանում կա սենյակ՝ նվիրված հայ զինվորականների ձեռքով մուսուլմանների տառապանքների։
«Իսկապես եղել են հայ հեղափոխականներ և ապստամբներ, ովքեր մտադիր էին անցնել Ռուսաստանի կողմը»,- ասել է Քարնեգի հիմնադրամի պատմաբան Թոմաս դե Վաալը, ով վերջերս Ցեղասպանության վերաբերյալ գիրք է գրել՝ «Մեծ Աղետ» վերտառությամբ։ «Սա ենթադրյալ անհավատարմության համար մի քանիսին պատժելու փոխարեն բոլորին պատժելու դեպք է»,- ասել է նա։
Պատրաստեց՝ Աննա Անտոնյանը









































