Սերժ Սարգսյանը երեկ Հայաստանում գործունեության և հայ-ռուսական բարեկամության մեջ ունեցած ավանդի համար պարգևատրել է «Գազպրոմ» ռուսական ընկերության նախագահ Ալեքսեյ Միլլերին: Այս պարգևատրումը խորհրդանշական է օրերս ՀՀ խորհրդարանում ներկայացված զեկույցի ֆոնին, որը պատրաստել էր գազամատակարարման հարցերով խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը: Ինչպես փաստեցին հանձնաժողովի զեկույցի քննարկման մասնակից ընդդիմադիր պատգամավորները, զեկույցը ևս մեկ անգամ թույլ տվեց ասելու, որ ՀՀ գազամատակարարման ոլորտում պարզապես տեղի է ունենում սպառողների կողոպուտ: Իսկ գազամատակարարումը` և՛ մինչև ՀՀ սահման, և՛ մինչև սպառողների բնակարաններ, իրականացնում է «Գազպրոմ» ընկերությունը` մոնոպոլ կարգավիճակով:
Միայն այն, որ մինչև ՀՀ սահման գազը հասնում է 1000 խմ-ը 189 դոլարով, իսկ սահմանից մինչև սպառողների տներ թանկանում է կրկնակի` արդեն իսկ խոսուն վկայություն է, թե ինչ է կատարվում գազամատակարարման համակարգում, որ զուտ ՀՀ տարածքում, այսպես ասած, ռուսական ներքին գներով գազը «Գազպրոմը» հանկարծ դարձնում է եվրոպական գնով գազ: Եվ եթե Միլլերին որևէ մեդալ հասնում է, ապա ոչ թե հայ-ռուսական բարեկամության, այլ աճպարարության գործում մեծ ավանդի համար:
ՀԱԿ-ի խորհրդարանական պատգամավոր Արամ Մանուկյանը հայտարարում է, որ լավ կառավարման դեպքում ՀՀ-ում գազի գինը կարող է նվազել 25 դոլարով: Բայց այսօր ոչ միայն նվազման մասին խոսք չկա, այլ խոսք է գնում թանկացման մասին, և ինչպես Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահն է հայտարարել, բանակցում են գազի գինը չբարձրացնելու վերաբերյալ: Ըստ որում, նրա հայտարարության համաձայն` հենց այս բանակցության արդյունքներից է կախված նաև էլեկտրաէներգիայի գինը: Իհարկե, այդպես էլ անհասկանալի ու անորոշ է, թե ով ում հետ է բանակցում, եթե և՛ գազը ներկրողը, և՛ ներսում սպառողին հասցնողը միևնույն ընկերություն «Գազպրոմն» է:
Սակայն երևի թե Հայաստանի իշխանությունները փորձում են Միլլերին մեդալ տալ, այսպես ասած` սիրտը շահել, որպեսզի գազը չթանկանա: Քանի որ ռազմավարական հզորությունները բոլորը վաղուց Ռուսաստանինն են, երևի մնացել է միայն մեդալը: Եվ եթե Միլլերը դրանով բավարարվի, ապա սա, իհարկե, կարելի է իսկապես մեծ ձեռքբերում համարել՝ եթե հարցը լուծվի միայն մի մեդալով: Նույնիսկ այդ դեպքում արժե մի հատ էլ մեդալ տալ: Սակայն, մյուս կողմից, երևի թե գործը մի մեդալով չի ավարտվել: Վերջին հաշվով, գազամատակարարման իրավիճակի վերաբերյալ խորհրդարանական զեկույցը ՀՀ-ում, ըստ էության, որևէ հետևանք և շարունակություն, առավել ևս իրավապահ մարմիններում, չունեցավ: Ավելին` դրանում տեղ չունեցան նաև ոլորտի մի շարք այլ հետաքրքրական հարցադրումներ, որոնց մասին բարձրաձայնում էին ընդդիմադիր պատգամավորները:
Սա նշանակում է, որ մեդալից բացի, «Գազպրոմին» նաև, ըստ էության, կանաչ ճանապարհ են տվել ՀՀ-ում գործունեությունը, կամ ինչպես ընդդիմադիր որոշ պատգամավորներ կասեին՝ թալանը կամ կողոպուտը շարունակելու համար: Այդ ամենից հետո, իհարկե, Միլլերը երախտամոռ պետք է լինի, եթե ՀՀ համար գազի գին բարձրացնի: Թեև չի բացառվում, որ իրականում գնի բարձրացման խնդիրը պարզապես հորինված է, որպեսզի իբր թե այդ խնդիրը լուծելու անվան տակ փակվի արդեն առկա գնի գոյացման հետ կապված հասարակական հարցադրումների թեման, և հանրությունը բավարարվի, որ եղածը գոնե չի թանկանում:









































