Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ խոսելով Հայաստանի տնտեսության հեռանկարների մասին՝ ասել է, որ Հայաստանին Վրաստանի համեմատ միջազգային կառույցները քիչ են գումարներ տալիս, ինչը աշխարհաքաղաքական մոտեցումներով է պայմանավորված: Լրագրողների դիտարկմանը՝ իսկ միգուցե մեր ընտրած ԵՏՄ ուղի՞ն է պատճառը, Արսեն Ղազարյանը պատասխանել է, թե ուղին միշտ դժվար է, և խաչը ուսիդ պետք է բարձրանաս Գողգոթա, և հետո քեզ կճանաչեն: Շատ խորհրդանշական համեմատություն է՝ իհարկե, միաժամանակ, անշուշտ, մի քանի ճշգրտումներ պահանջող:
Նախ՝ պետք է հասկանալ, թե ովքեր են Գողգոթա բարձրացողները: Խնդիրն այն է, որ նրանք, ովքեր ընտրել են Հայաստանի ուղին՝ ԵՏՄ, և նրանք, ովքեր այդ ընտրության հետևանքով Գողգոթա են բարձրանում, լիովին տարբեր սուբյեկտներ կամ խմբեր են: Հայաստանի դժվարին ուղին, որն, ի դեպ, հանդիսանում է պատճառ, որ ի տարբերություն Վրաստանի՝ մեզ քիչ օժանդակություն ցուցաբերեն միջազգային կառույցները, ընտրել են Հայաստանի իշխանություններն ու, այսպես ասած, ոչ իշխանությունները: Թե ինչով է պայմանավորված եղել նրանց ընտրությունը՝ հայտնի է վաղուց, այստեղ գաղտնիքներ չեն եղել հենց ամենասկզբից:
Այդ ընտրությունը պայմանավորված է եղել ոչ թե պետության հրամայականներով և տնտեսական զարգացման ու անվտանգության հեռանկարներով, այլ պարզապես Կրեմլի համակրանքի համար ներքին մրցակցությամբ կամ էլ Կրեմլին չբարկացնելու և դրա հետևանքով անձնական կամ խմբակային կորուստներ չունենալու մղումով:
Այս ամենի հետևանքով Գողգոթա բարձրացողները լրիվ այլ մարդիկ և շերտեր են: Գողգոթա բարձրանում են հայաստանյան բիզնեսմենները, որոնք չեն ստացել մենաշնորհներ, չեն ստացել չգրված արտոնություններ, որոնք հայաստանյան իշխանական համակարգի քվոտավորման մեխանիզմներից չեն օգտվել: Այդ գործարարները այսօր կանգնած են անասելի դժվարությունների առաջ, նրանք չգիտեն՝ ինչպես շարունակել բիզնեսը ԵՏՄ մտած և այդպիսով կոնսերվացված Հայաստանում, նրանցից շատերը կանգնած են բիզնեսը փակելու դժվարին որոշման առաջ, շատերն արդեն կախել են փակվելու մասին հայտարարություններ:
Գողգոթա բարձրացող մյուս շերտը, բնականաբար, շարքային քաղաքացիներն են, որոնք ԵՏՄ անդամակցությունից հետո հայտնվել են էլ ավելի ծանր սոցիալ-տնտեսական վիճակում: Այդպիսով, ինչպես ասում են՝ ով ԵՏՄ մտնելու որոշում կայացնի և ով բարձրանա Գողգոթա:
Մյուս կողմից, իհարկե, այս ամենն ինչ-որ առումով ցավալիորեն արդարացի է ստացվում, քանի որ ԵՏՄ մտնելու մասին որոշման դեմ այդպես էլ որևէ դիմադրություն չեղավ, որևէ հասարակական, գործարար շերտ այդպես էլ չփորձեց ընդդիմանալ անձնապաստան այդ որոշմանը, և հիմա այլ բան, իհարկե, չի մնում, քան ինչ-որ մարդկանց ու խմբերի անձնական անվտանգության ու հարստության համար կայացված որոշման պատճառով ազգովի բարձրանալ Գողգոթա՝ մխիթարվելով, որ բարձրանալուց հետո աշխարհը մեզ կճանաչի:
Իսկ ինչպե՞ս է ճանաչելու մեզ աշխարհը: Ինչպե՞ս պետք է ճանաչեն մի պետության կամ հասարակության, որը աշխարհին ճանաչելի դառնալու ստեղծագործական մեծ պոտենցիալի պայմաններում համարժեք, աշխատանքային-ստեղծագործական բազում ճանապարհներն ու նպաստավոր աշխարհաքաղաքական պայմանները թողած՝ որոշում է ճանաչելի դառնալ Գողգոթա բարձրանալով: Նման հասարակություններին և պետություններին աշխարհը, մեղմ ասած, տարօրինակորեն է նայելու՝ ինչպես ընթերցողն, ասենք, կնայեր երգիծաբաններից մեկի ստեղծագործությանը, որի հերոս տարեց և փորձառու ճանճը ժամերով ապարդյուն խփվում է պատուհանի փակ փեղկի ապակուն՝ այն դեպքում, երբ կողքի փեղկն ուղղակի բաց է: Իսկ երիտասարդ ճանճը հետևում է նրան ու չի հասկանում, թե ինչու փորձառուն չի թռչում բաց փեղկից: Հայաստանը հայտնվել է այդ «ճանճի» վիճակում և հարվածում է փակ փեղկի ապակուն՝ այն դեպքում, երբ մյուս փեղկը լայնորեն բաց էր, և Հայաստանը կարող էր անցնել ու վայելել թռիչքի ազատությունը, օգտագործել աշխարհին ճանաչելի դառնալու իր հնարավորությունը:
Այդ պայմաններում Հայաստանին ոչ թե նայելու և ճանաչելու են որպես Գողգոթան հաղթահարած սուբյեկտի, այլ սուբյեկտի, որը բաց է թողել իր հնարավորությունները, որը կամք, ուժ, համարձակություն և հնարամտություն չի ունեցել օգտագործելու դրանք:
Պետք չէ հավակնել Հիսուսի դափնիներին, նույնիսկ փոխաբերական իմաստով: Պետք է պարզապես օգտագործել այն, ինչով մարդուն օժտել է Աստված՝ բանականություն և արժանապատվություն, մտածելու, սեփական ընթացքը ինքնուրույն որոշելու կամք: Մեծ հաշվով այդ ամենով օժտվում են նաև հավաքականությունները: Աստված իր որդուն բարձրացրեց Գողգոթա, որպեսզի մյուսները չունենան դրա անհրաժեշտությունը:









































