Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը փոխհատուցում է առաջարկել այն ցուցարարների ընտանիքներին, որոնք սպանվել էին կամ լուրջ վնասվածքներ ստացել 1972թ. Հյուսիսային Իռլանդիայում Արյունոտ կիրակիի ժամանակ՝ հայտնում է Agence France-Presse-ը:
Ավելի քան 40 տարվա վաղեմության 13 զոհվածների ու 13 վիրավորների ազգականներին առաջարկվել է փոխհատուցում 50 հազար ֆունտ-սթեռլինգի չափով (77.5 հազար դոլար): Ընդհանուր առմամբ՝ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունն այդ նպատակով հատկացրել է 1.3 մլն ֆունտ-սթեռլինգ (2 մլն դոլար):
Վճարի չափը շարունակվում է քննարկվել, ընդ որում՝ որոշ ազգականներ դժգոհ են փոխհատուցման չափից: Ինչպես գրում է The Independent-ը, նրանցից մեկը նախարարության առաջարկն անվանել է «վիրավորական»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հյուսիսային Իռլանդիայի ոստիկանությունը հայտարարել էր 1972թ. հունվարի 30-ին` կիրակի օրը, խաղաղ ցուցարարների սպանության հետ կապված բրիտանացի զինվորների նկատմամբ նոր հետաքննություն անցկացնելու մասին: Այդ օրը հյուսիսիռլանդական Դերի քաղաքում տեղի էին ունեցել բախումներ Հյուսիսային Իռլանդիայում քաղաքացիական իրավունքների պաշտպանության համար հանդես եկող ասոցիացիայի երթի մասնակիցների և Մեծ Բրիտանիայի պարաշյուտային գնդի 1-ին գումարտակի զինվորների միջև:
Պարաշյուտիստները ցուցարարների ուղղությամբ կրակ էին բացել, ինչի հետևանքով սպանվել էր 13 մարդ:









































